ԿարևորՀասարակություն

Արագածոտնում տրվել է «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկի մեկնարկը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողները հյուընկալվել են Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի » բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որն հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1996 թվականին։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տնկարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ են իրականացրել, որից հետո, տնկարանի մասնագետների ուղեկցությամբ, ուսանողների հետ շրջայց են կատարել տարածքում՝ ծանոթանալով այնտեղ առկա ծառատեսակներին և բուսատեսակներին, իրականացվող ծրագրերին։

Նախարարը ներկայացրել է նախարարության կողմից նախատեսած ծառատունկերի ժամանակացույցը և խոսել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին, սպասվող համապետական ծառատունկի մասին, որի ժամանակ տնկվելու է 100.000 ծառ։ Անդրադարձ է կատարվել Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքված հուշագրով ամրագրված փոխգործակցությանը, վերհաստատվել է, որ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում կա երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու ինովատիվ հայացքների տեր,կարծրատիպեր կոտրող երիտասարդ մասնագետների կարիք։

Ողջունելով ներկաներին Արագածոտնի մարզում՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է. «Բնության հանդեպ հոգատարությունը հայրենիքի հանդեպ սիրո դրոսևորման կարևորագույն ձևերից է: Լավ քաղաքացու անկյունաքարային հատկանիշներից մեկը բնության և շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավությունն է: Ողջունում եմ վերածնունդը խորհրդանշող այս կարևորագույն իրադարձության՝ համահայկական ծառատունկի, մեկնարկը Արագածոտնի մարզում ազդարարելու նախաձեռնությունը»:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ բնակավայրի տարածքում տնկվել է «10 միլիոն ծառ» նախաձեռնության՝ 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։ Ծառատունկն իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ, ովքեր ուսանողներին ներկայացրել են ծառատունկի ողջ գործընթացը, օգնել ծառեր տնկել և կիսվել իրենց փորձով: Անտառային ոլորտի պատասխանատուները, մասնագետները, ՇՄ նախարարը և Արագածոտնի մարզպետը քննարկել են ոլորտին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

https://www.facebook.com/aragatsotnimarzpetaran/posts/955984031809641

Կարդացեք նաև

Back to top button