ԿարևորՔաղաքական

Արտահերթին ընդառաջ՝ անհայտ կուսակցությունների «շքերթի» առեղծվածը. պատասխաններն ԸՕ-ում են

Նոր կուսակցություններ՝ հին գործիչներով, հին կուսակցություններ՝ «նորացված» դեմքերով, և անգամ բոլորովին նոր «խաղացողներ»․ ընտրողը նրանց կտեսնի մոտ ապագայում։  Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Այս փուլում դեռ տարբեր բանակցություններ են ընթանում. քաղաքական տարբեր ուժեր հաստատում են տարաբնույթ բանակցությունների  լուրերը, բայց դեռչեն հստակեցնում՝ ով ում հետ է բանակցում և ինչ պայմանավորվածություններով:

Իշխող «Իմ քայլը» խոստացել է նախընտրական ցուցակների մասին առարկայական խոսել մայիսին, բայց ապրիլի կեսերից արդեն կուսակցությունների համագումարների «շքերթ» է կանխատեսվում։ Արդեն ի հայտ են գալիս տասնյակ կուսակցություններ, որոնք ստեղծվում են շատ կարճ ժամանակում ընտրությունների մասնակցելու նպատակով:

Ապրիլի 10-ից մայիսի 3-ը՝ ընդամենը 23 օրվա ընթացքում,  Հայաստանում կստեղծվի 14 նոր կուսակցություն: Այդ կառույցների հիմնադիր համագումարների մասին ծանուցումները դեռ մարտից տեղադրված են պաշտոնական հայտարարությունների azdarar կայքում: «Ինտելեկտուալ Հայաստան», «Վան», «Արև», «Ինքնիշխան Հայաստան», «Անկախության սերունդ», «Ազգ-Բանակ-Հայրենիք». Ստեղծման փուլում գտնվող քաղաքական միավորների անուններն են, որոնք ավելանալու են արդեն գործող 91 կուսակցություններին:

Ակնհայտ է, որ սա դեռ ամենը չէ: Օրենսդրությունը հնարավորություն է տալիս քաղաքական միավորներին գրանցում ստանալուց անգամ մեկ օր հետո մասնակցել ընտրությունների: Համագումարների հայտերից, սակայն, հասկանալի չէ, թե կուսակցությունների հիմնադիրներն ովքեր են: Հայտնի է մի քանի անուն, որոնք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Օրինակ՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիրը Սամվել Բաբայանն է՝  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարը: Նմանատիպ անվանումով՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադրման միջոցով քաղաքականություն է փորձելու մտնել Երվանդ Թարվերդյանը․ նա Հայաստան ալկոհոլային խմիչք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրենն է:

Առանց կուսակցություն հիմնելու մեծ քաղաքականություն փորձելու է վերադառնալ Հայաստանի նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանը: Ռուսական առաջին ալիքի եթերում՝ Վլադիմիր Պոզների հետ զրույցում, նա հաստատել է՝ ձգտում է իշխանության:

«Քոչարյանի ներկայացմամբ ընտրապայքարի մեջ նա մտնելու է կուսակցությունների դաշինքով: Հավանական է համարում, որ կմիանա 2 կուսակցություն: Չի հստակեցնում, թե որ ուժերի մասին է խոսքը, քանի որ մի քանիսի հետ բանակցությունները դեռ շարունակվում են»:

Ո՞ր կուսակցություններն են կազմելու Քոչարյանի նշած դաշինքը, արդյո՞ք դրանցից մեկը Դաշնակցությունն է, որն արդեն Քոչարյանի հենարան լինելու փորձ ունի, և արդյո՞ք դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է լինելու: Ընդդիմադիր գործիչը դեռ չի շտապում փակագծեր բացել.

«Արդեն ցուցակ եք կազմել, համարների տեղերն էլ եք որոշե՞լ: Դաշնակցությունը դեռ որոշում չունի: Հենց ունենանք որոշում, այդ մասին ձեզ կհայտնենք»:

Ինչով է պայմանավորված միանգամից խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքականություն մտնելու նորաստեղծ կուսակցությունների ձգտումը։ Ըստ վերլուծությունների՝ սրա հիմքում առաջին հերթին ԸՕ-ի դրույթներն են։ Ըստ օրենքի՝ ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են ԱԺ անցած ուժերի միջև, եւ մեծ մասը բաժին է հասնում առավելագույն ձայն հավաքած իշխանությանը: Կարծիք կա, որ սրանով հիմնական մրցակից ուժերը փորձում են միմյանցից «խլել» չկողմնորոշված զանգվածի ձայները։

Այդպես էր նաև 2018-ին. Խորհրդարան մուտք գործելու համար անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական միավորների ձայները կազմել էին 17%, որից 10-ը անցել էր «Իմ քայլը» դաշինքին:  Դրան գումարվում է նաև մեկ այլ դրույթը՝ ԸՕ-ն նաեւ 3% բոնուս է նախատեսում ամենաշատ քվե ստացողին:  Այդ ամենը գումարվելով ընտրողներից  ստացված ձայներին՝ կարող է ձևավորել կայուն մեծամասնություն: «Իմ քայլ»-ում այսօր էլ համոզված են, որ մեծ վարկանիշ ունեն, բայց քվեների ակնկալվող թվի մասին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի խոսում.

«Կան հրապարակված սոցոլոգիական հարցումներ, կան կազմակերպություններ, որոնք գերադասում են չհրապարակել իրենց հետազոտությունները: Ինչպես քաղաքական դաշտում բոլորը, այնպես էլ մենք հետևում ենք անխտիր բոլոր նմանատիպ հարցումներին: Որևէ մեկնաբանություն չունեմ այդ առնչությամբ։ Հունիսի 20-ին կլինեն խորհրդարանական ընտրություններ, և արդեն հստակ կլինի, թե ով է առաջատարը»:

«Մեծ վերադարձ» ծրագրող Քոչարյանը սոցոլոգիական հարցումներին չի վստահում: Պոզների հետ զրույցում խոստովանել է՝ զրուցել է մի քանի ընկերության ներկայացուցիչների հետ: Սոցհարցումների ճշգրտությունն այս փուլում կասկածելի է, քանի որ մեծ է հարցերին պատասխանելուց հրաժարվողների թիվը: Մինչդեռ դա կարող է էականորեն փոխել պատկերը:

Չկողմնորոշված ընտրողների ձայները վաստակելու ուղղությամբ աշխատելու է նաև «Լուսավոր Հայաստան»-ը: Խմբակցությունից Անի Սամսոնյանն ակնկալվող մոտավոր թիվ է նշում.

«47% չկողմնորոշված մարդիկ կան, որոնք այսօր չգիտեն, թե ում են ընտրելու, չգիտեն, թե ինչ են անելու։ Հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի այդ մարդկանց համոզել, որ իրենց ընտրեն։ 2018 թվականը և 2021 թվականը լրիվ տարբեր տարիներ են՝ տարբեր քաղաքական իրավիճակներով»:

2018-ին, ի դեպ, «Լուսավոր Հայաստան»-ը դժվարությամբ հաղթահարեց խորհրդարան մտնելու նվազագույն շեմը: Իսկ այսօր հայտարարում է` մի քանի տեղի համար չէ, որ  մասնակցում է ընտրությունների․ գալիս է իշխանություն վերցնելու: Իսկ թե հավակնություններից զատ՝ ինչ խոստումներով, ծրագրերով ու  քաղաքական ինչ անցյալով են ընտրություններին մասնակցող կուսակցությունները ներկայանալու ընտրողին՝ կհրապարակվի արդեն նախընտրական շրջանում:

Կարդացեք նաև

Back to top button