ԿարևորՀասարակություն

Մանսուրյանի նոտաների բնագրերը՝ կռվախնձոր Կինեմատոգրաֆիստների միության եւ Ազգային կինոկենտրոնի միջեւ

Կինեմատոգրաֆիստների միության եւ Ազգային կինոկենտրոնի միջեւ հեռակա բանավեճ է ծագել, թե ո՞ւմ մոտ են գտնվում Մանսուրյանի՝ խորհրդային հայտնի մի շարք ֆիլմերի համար հեղինակած նոտաները, եւ ո՞ւմ մոտ պետք է դրանք լինեին։  Հարցը ծագել է «Ռադիոլուրի»՝ մեկ այլ թեմայով հարցումից հետո, երբ երկու կենտրոնների մասնագետները վկայել են իրենց մոտ պահվող նոտաների բնօրինակների մասին։ Մինչ Կինեմատոգրաֆիստների միությունում վստահ են, որ նոտաների բոլոր բնագրերն իրենց մոտ են՝ «ամուր ձեռքերում», Ազգային կինոկենտրոնից վստահեցնում են՝ ճիշտ հակառակը՝ բնագրերի մի մասն իրենց մոտ է։

Խորհրդային տարիներին հայկական հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտության նոտաները տասնամյակներ շարունակ հասանելի չէին ոչ հանրությանը, ոչ էլ անգամ հեղինակին։ Համարվում էր, որ անձի մտավոր սեփականությունը պատկանում է պետությանը, ուստի ձեռագիր նոտագրված երաժշտությունը չէր մնում հեղինակի մոտ։ Այդպես էր նաեւ Մանսուրյանի նոտաների դեպքում։ Հենց նույն պատճառով կոմպոզիտորի՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն» և շատ այլ ֆիլմերի երաժշտությունների նոտաների բնօրինակները գտնվել են միայն անցյալ տարի։ Հեղինակը՝ Տիգրան Մանսուրյանը, բազմիցս բարձրաձայնել է նոտաների կորած լինելու մասին։ Խիստ անակնկալ կերպով պարզվել է՝ դրանք «Հայֆիլմ» կինոստուդիայի հին շենքում էին՝ նկուղում, և նույնիսկ կարող էին թղթի թափոնի ճակատագիր ունենալ։ Նոտաները գտնվել են Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ջանքերով՝ պատահաբար՝ «Հայֆիլմի» նկուղային սենյակը դատարկելիս։ Ազգային կինոկենտրոնի նշված բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն ասում է՝  նոտաներն այժմ իրենց մոտ են՝ վստահելի ձեռքերում, համակարգվում են, դասավորվում, պատրաստում են թվայնացման։

«Բնօրինակ նոտաները ներկայում գտնվում են ազգային կինոկենտրոնի պահեստում։  Եվ մեր աշխատակիցները երբևէ չեն հանձնել դրանք ոչ ոքի»։

Մինչդեռ Կինեմատոգրաֆիստների միության «Ազգային սինեմատեքի» թանգարանային ցուցանմուշների հավաքման հանձնաժողովի համակարգող Ռոբերտ Մաթոսյանն ասում է՝ նոտաների բնօրինակներն իրենց մոտ են, ընդ որում՝ պնդում է՝ դա վերցրել են ազգային կինոկենտրոնից․

«Ազգային կինոկենտրոնից Սաթիկի հետ եմ կապ հաստատել, իրենից էլ վերցրել եմ, հետո գիտեք ինչ կա՝ կարևորը գտնվել են։ Բաժանումներ եկեք չանենք՝ Կինեմատոգրաֆիստների միություն, Հայֆիլմ և այլն»։

«Մենք ենք, մեր սարերը» և այլ ֆիլմերից մանսուրյանական երաժշտության  բնօրինակները Կինեմատոգրաֆիստների միությունում են՝ հավելում է Ռոբերտ Մաթոսյանը, ավելին՝ ապագայում պատրաստվում են համալրել «Ազգային սինեմատեք» թանգարանային ցուցանմուշների ցանկը։ «Ռադիոլուրին» ցույց է տալիս  «Մենք ենք, մեր սարերը»-ը ֆիլմի երաժշտության բնօրինակը, ձեռքը վերցնելիս էլ խնդրում զգույշ լինել․

«Տիգրան Մանսուրյանի «Մենք ենք, մեր սարեր»-ի նոտաների բնօրինակը կորել էր, բայց գտնվեց պարտիտուրան, ահա»։

Զուգահեռ հարթության մեջ Մանսուրյանի ֆիլմի նոտաների բնօրինակներն իրենց մոտ ունենալու պնդումն է առաջ տանում Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավարը։

«Մենք ենք, մեր սարերի» նոտաները մեզ մոտ են։ Կինոմիությունում չեն։ Գուցե նրանց մոտ կրկնօրինակն է։ Բնօրինակը մեզ մոտ է»։

Ուշագրավն այն է, որ Մանսուրյանի նոտաների ձեռագիր բնօրինակների գտնվելու վայրի մասին հեռակա բանավեճը մշակութային 2 կենտրոնի միջեւ ծագել է «Ռադիոլուրի»՝ բոլորովին այլ թեմայով հարցման բերումով, երբ երկու կենտրոնների ներկայացուցիչները խոսում էին իրենց ծրագրերի մասին։ Որ Մանսուրյանի նոտաներն ինչ-որ պահի առանձնացվել, կիսվել ու տարբեր վայրերում են պահվում՝ զարմանք ու տարակուսանք է առաջացրել։ Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Գալստյանն ասում է՝ արդեն դիմել են Կինեմատոգրաֆիստների միություն՝ պարզելու՝ Մանսուրյանի բնօրինակները ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են հայտնվել այնտեղ։ Եւ վերջում՝ ամենաարտառոցը․ արդյո՞ք հեղինակը ՝ Տիգրան Մանսուրյանը, արդեն տեղյակ է բնօրինակների գտնվելու եւ գտնվելու վայրի մասին, զրուցակիցներս դժվարանում են պատասխանել։

Կարդացեք նաև

Back to top button