ԿարևորՀասարակություն

Ընտրություններ՝ փակ ցուցակներով, առանց տարածքային թեկնածուների

Հունիսի 20-ին  ընտրությունը կլինի ոչ թե անձերի, այլ կուսակցությունների միջև, ընտրողները կընտրեն կուսակցության անվանմամբ քվեաթերթիկը՝ առանց այդ քաղաքական ուժի թեկնածուների ցանկի։ Ընտրական օրենսգրքում  2 հիմնական փոփոխություն է առաջարկվում՝  հրաժարվել տարածքային ցուցակներից և անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  խաղից առաջ խաղի կանոններ փոխելն անընդունելի է համարում, դեմ է նաև փակ ցուցակներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը հակադարձում է՝ խաղի կանոնները ոչ թե փոխվում, այլ հստակեցվում են։

«Խաղի կանոնները չեն փոխվում, ընտրակարգն ընդամենը պարզեցվում է։ Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին՝ բաց համամասնական ցուցակին, դա տարբերակ է, որը կարող է քննարկվել հաջորդ ընտրություններին, եթե տեխնիկապես պատրաստ լինենք։ Այսօր այդ համակարգով ընտրություն կազմակերպելը անիրատեսական է։ 2018 թ փոփոխությունները 48 օր առաջ էր առաջարկվում, որին դուք կողմ քվեարկեցիք, այսօր այդ փոփոխությունը 80 օր առաջ է առաջարկվում»–ասում է Հովակիմյանը։

Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը, որն աշխատանքային խումբը մշակել էր շուրջ մեկ տարի, բայց քննարկման է ներկայացվել փաթեթի միայն մի հատվածը։ ԼՀԿ–ում տարակուսում են՝ ինչու՞ է մեծ նախագիծն ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, եթե քննարկվում են նախագծի մի քանի դրույթներ։

«Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մեկ այլ նախագիծ ու խորհրդարան եք բերել մեկ ընդհանրապես ուրիշ նախագիծ, ո՞ւմ եք ուզում խաբել, մոլորեցնել, մտածում եք այնտեղ մարդիկ չեն տեսնու՞մ»,-զարմանում է ԼՀԿ խմբակցության ղեկավարը։

«Այն, ինչ առաջարկվում է այս փոփոխությամբ, առկա է մեծ փաթեթում, այսինքն՝ այստեղ չկա որևէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողովին չի ուղարկվել», -ասում է Վահագն Հովակիմյանը։

Ինչի՞ կհանգեցնի տարածքային ընտրական ցուցակներից հրաժարվելը։ Ըստ ընդդիմախոսների՝  կնվազեցնի մարզերի ներկայացվածությունը խորհրդարանում,  ըստ  հեղինակների՝ կնպաստի, որ համայնքներում քվեարկեն ծրագրերի և ոչ թե անձերի կամ հեղինակությունների օգտին։

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նկատում է՝ ընտրվել է վարկանիշային համակարգով, բայց գիտի, որ այն  հեռու է քաղաքական և գաղափարական պայքարից։ Պատգամավորը նաև համոզված է՝ ռեյտինգային ցուցակներից  հրաժարվելը նվազեցնելու  է մարզային ներկայացվածությունը խորհրդարանում։

«Իմ շատ գործընկերները, որոնք ռեյտինգային ընտրակարգով են ընտրվել, ես շատ քչերին եմ տեսնում, ովքեր գնում են ընտրատարածքներ, ովքեր գնում են այնտեղ, որտեղ գնացել քվե են ուզել ու հետ են եկել ու այս ավանդույթը տարիներ շարունակ մեր խորհրդարանում իշխել է։ Եվ հիմա իմ մտավախությունն այն է, որ մենք կտրվելու ենք մարզերից և սա լինելու է միայն մայրաքաղաքային խորհրդարան, որտեղ մեծապես լինելու են ներկայացված այն մարդիկ, ովքեր որ քաղաքականապես ավելի ընկալելի, հասանելի, հաճելի են քաղաքական թիմին»,-նշում է Թովմասյանը։ 

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին մտահոգում է ոչ միայն  մարզերի ներկայացուցիչների, այլ նաև փակ ցուցակների հարցը։ Այս եղանակով ընտրված պատգամավորը միայն կուսակցության շահերին է հետամուտ լինելու՝ ասում է։

«Ինչպիսի՞ ցուցակ պետք է կազմեն հաջորդ թեկնածուները, ինչպիսի՞ ցուցակներով պետք է գան քաղաքական գործիչները, որևէ կերպ որևէ մեկին հասկանալի չէ և ի՞նչ պետք է անենք իրապես․մեկ  անձի դեմքով մի ամբողջ զանգված բերենք Ազգային ժողով, որը երկրի որևէ խնդրին չի անդրադառնալու, բացի կոնկրետ իր կուսակցության շահերից ելնելով որևէ նախագծի կողմ կամ դեմ քվեարկելուց»,-ասում է Հովսեփյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, արձագանքելով  մտահոգություններին,  մեջբերում է սոցիոլոգիական վերջին  հարցումների արդյունքները․ քաղաքացիների համար  ռեյտինգային համակարգն անհասկանալի է։ Ինչ վերաբերում է մարզերի ներկայացվածությանը, պատգամավորը գործընկերներին հիշեցնում է՝ ցուցակները կազմում են կուսակցությունները։

«Ես կարծում եմ ՝ նորմալ կուսակցությունը պետք է ինքն իր մեջ որոշի և բոլոր մարզերից էլ ունենա ներկայացուցիչներ, որովհետև դա է ընտրապայքարի տրամաբանությունը, եթե չունի, այդ մարզում պարտվելու է, որովհետև մարդիկ էլի կուզեն իրենց մարզից ինչ-որ մեկին ընտրեն»,-ասում է Ավետիսյանը։

Ընտրական օրենսգրքի քննարկմանը ԲՀԿ-ն չէր մասնակցում, քվեարկությանը ԼՀԿ–ն էլ չմասնակցեց։ Նախագիծն ընդունվեց միայն խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ՝ 83 կողմ ձայնով։ Էդմոն Մարուքյանի կարծիքով ՝ առանց ընդդիմադիրների Ընտրական օրենսգիրք ընդունելը կասկածի տակ է դնում  ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահից սկսած ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է։ Սա լինելու է ձեր ավարտը, որովհետև այն ուժը, որն իր համար Սահմանադրություն է ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել է»,-համոզված է Մարուքյանը։

Բովանդակային փոփոխություններից բացի՝ Ընտրական օրենսգրքում նաև կարանտինային  կարգավորումներ են առաջարկվում։  Նշվում է, որ Հայաստանում կամ  առանձին տարածքներում կարանտինի դեպքում քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած հատուկ կանոններով` հաշվի առնելով իրավիճակից բխող  պահանջները, բայց նաև՝ չխոչընդոտելով ընտրական գործընթացը։

Կարդացեք նաև

Back to top button