
Ներքաղաքական քննարկումների առանցքում ընտրությունների մասնակցության ձևաչափերն ու կուսակցական ցուցակներն են։ Ով ում հետ է միավորվելու, որ ուժն ինչ ցուցակով է ներկայանալու ընտրողին․ վերջին հարցի ինտրիգը ոչ միայն ցուցակը կազմող անուններն են, այլ նաև ցուցակների առաջին համարները։ Հենց այդ գործիչներն են կուսակցությունների վարչապետերի թեկնածուները: Որոշ անուններ արդեն հրապարակվել են։
Հանրապետականը չի շտապում հստակեցնել՝ փորձելո՞ւ է առանձին վերադառնալ իշխանության, թե՝ ոչ: Հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չեն կայացրել, անգամ ցուցակը գլխավորող թեկնածուին չեն որոշել: Կտեսնենք՝ ասում է Հայաստանի նախկին նախագահ, Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը:
Քոչարյանի հետ ունեցած հակասությունների մասին լրագրողների հարցը մնաց անպատասխան, բայց թեման արդեն շրջանառվում է մամուլում: Հակասություններ կան նաև «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափում: «17+»-ից միակ խորհրդարանական ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը, նախ՝ բանակցեց և ինչպես պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է ձևակերպում «ջենթլմենական» քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերեց վարչապետի հետ, հետո՝ հրաժարվեց պայքարի փողոցային տարբերակից, իսկ այսօր «17+»-ից առաջինը հայտարարեց առանձին ցուցակով և վարչապետի սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու մասին:

««Բարգավաճ Հայաստանն» առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, վստահ եղեք՝ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու, ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այլ որևէ քննարկում չի եղել և ես կարծում եմ՝ այս պահին վաղ է համամասնական ցուցակի մասին խոսել»,-ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հանրապետականն այլ պատճառներից ելնելով է առայժմ անպտասխան թողնում հարցերը: Նախկին իշխանական կուսակցությունում դեռ կասկածներ ունեն արտահերթ ընտրությունների անցկացման հարցում : Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով.
«Երբ ինքը ( վարչապետը – խմբ.) հրաժարական կտա, երբ երկու շաբաթվա ընթացքում Աժ-ն նոր վարչապետ չի ընտրի, երբ ԿԸՀ-ն դե յուրե կհրապարակի ընտրության օրը, և երբ մենք իմանանք արդեն կոնկրետ, որ Հայաստանը մտնում է ընտրական փուլ, մեր կարծիքը կասենք»:

Եթե պայմանավորվածությունները խախտվեն, ԲՀԿ-ն կարձգանքի՝ ասում է Նաիրա Զոհրաբյանը: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն արդեն պատրաստվում է ընտրություններին․ նշանակություն չունի, թե ինչ ընտրակարգով:
«Որ ընտրակարգով խորհրդարանական մեծամասնությունը կքվեարկի և կընդունի, մենք այդ ընտրակարգով էլ ընտրությունների կմասնակցենք: «Բարգավաճ Հայաստանի» համար կարևոր է, որ ընտրությունները լինեն ազատ և արդար, և իշխանության կողմից վարչական ռեսուրսների կիրառման բացառությունը: Մենք ամեն ինչ անելու ենք, և ես հույս ունեմ՝ կձևավորվի քաղաքական կոնսենսուս ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև, որպեսզի վերահսկենք, որպեսզի որևէ իշխանավոր՝ լինի դա գյուղապետ, ժեկի պետ թե կադաստրի շարքային աշխատող, չկիրառի իր փոքրիկ, միջին կամ մեծ վարչական ռեսուրսը»:
Ազատ, արդար և օր առաջ ընտրությունների գնալու կողմնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում «խաղի կանոնների» փոփոխություն են համարում ընտրություններից առաջ ԸՕ-ի փոփոխությունը: Այդ անհամաձայնությամբ, սակայն, «լուսավորականները» սեփական համամասնական ցուցակով պատրաստվում են ընտրությունների՝ պայքարում հաղթելու վճռականությամբ: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան.

«Մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում: Եթե քաղաքական մեծամասնությունը հակված է գործել անարդար, իր «խաղի կանոններով», հարմարեցնելով ամեն ինչ իրեն, դա առաջին հերթին վնասելու է ընտրական պրոցեսին, վնասելու է ընտրությունների լեգիտիմությանը, վնասելու է լարվածության թոթափմանը ընտրություններից հետո: Մասնակցելու ենք ընտրությունների ցանկացած ընտրակարգով և «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է հաղթել:
Խորհրդարանական մեծամասնությունը հաստատում է՝ «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարվելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու որոշումը կայացված է: Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը համոզված է, որ փոփոխությունները անկանխատեսելի խնդիրներ քաղաքական միավորների համար չեն առաջացնի:
«Խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում են: Սա կոնսենսուսի արժանացել է առնվազն արտախորհրդարանական ուժերի կողմից, քաղհասարակության կողմից, իսկ առնվազն խորհրդարանական, իսկ առնվազն խորհրդարանական խմբակցությունների մեկի՝ «Բարգավաճ Հայաստանի» կողմից նշվել է, որ նրանց համար ընտրակարգի փոփոխությունը մեծ հաշվով «խաղի կանոնների» փոփոխություն չէ և նրանց համար միևնույնն է: Քննարկումները, իհարկե, կշարունակենք, բայց չեմ կարծում, որ փոփոխությունը կհանգեցնի «խաղի կանոնների» այնպիսի փոփոխության, որը խնդիրներ կառաջացնի քաղաքական միավորների համար»:

Խորհրդարանական մեծամասնության համար միանշանակ է նաև հարցը, թե ով է 2 ամիս հետո գլխավորելու իրենց նախընտրական ցուցակը: Երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասել էր՝ իհարկե, Նիկոլ Փաշինյանը:




