ԿարևորՔաղաքական

Ով առաջինը կխախտի պայմանավորվածությունը. մեղադրանքներ կոնսենսուսից հետո

Մի քանի օր առաջ խորհրդարանական ուժերին և վարչապետին հաջողվեց ձեռք բերել համաձայնություն արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Հստակեցվեց անգամ ընտրությունների օրը՝ հունիսի 20:  Թվում էր՝  առանցքային հարցերում կա կողմերի ընդհանուր համաձայնությունը։ Այսօր հնչած հայտարարությունները, սակայն, խոսում են վստահության նվազման մասին․ քաղաքական ուժերի ներկայացուցիչները միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները չպահելու ու խախտելու մեջ։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու և դրանց օրը հստակեցնելու շուրջ քաղաքական պայմանավորվածություններից շատ չանցած, կողմերն արդեն խոսում են  հնարավոր խախտումների մասին: Ամենաշատը և ամենաբարձրը այդ թեման շոշափում է «Լուսավոր Հայաստան»-ը: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անգամ ակնարկում է գործող վարչապետի հրաժարականից հետո վարչապետի իրենց թեկնածուին առաջադրելու հավանականության մասին, թեպետ արտահերթի պայմանավորվածությունը վարչապետ չառաջադրելու պայմանով էր ձեռք բերվել: 

«Իրականում այդ պահին քննարկվում էին ճգնաժամից դուրս գալու ելքերը, և կարևոր էր ձեռք բերել պայմանավորվածություն ընտրությունների գնալու մասին:  Ենթադրվում էր, որ եթե կա այդ պայմանավորվածությունը, այլևս խաղի կանոններ չեն փոխվելու, չեն խախտվելու: Սա տրամաբանությունից է բխում: Պայմանավորվածությունն արդեն խախտել է «Իմ քայլը» խմբակցությունը:

-Ի՞նչ կարող է լինել, դուք վարչապետի թեկնածու եք առաջադրելու

Ոչինչ չի բացառվում: «Իմ քայլն» ուզում է, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր արել, իր հագով «կոստյում կարել» Ընտրական օրենսգրքի տեսքով»:

Խնդիրը իշխանությունների՝ Ընտրական օրենսգիրքը փոխելու ցանկությունն է, մասնավորապես՝  խնդրահարույց  «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարվելու  և 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ բացառապես կուսակցական ցուցակների անցնելու  մտադրությունը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Աժ-ում հայտարարեց, որ այս հարցի շուրջ  քննարկումներ են սկսել: Բայց խորհրդարանական ընդդիմության երկու թևերից պնդում են՝ այդ հարցով բովանդակային քննարկման չեն մասնակցում և չեն մասնակցելու: Ընտրություններից երկու ամիս առաջ ԸՕ փոփոխությունն անընդունելի է ոչ միայն ԼՀԿ–ի,  այլև ԲՀԿ–ի  համար: Այստեղ, սակայն, ամեն ինչ հստակ է՝ նոր Ընտրական օրենսգրքով, թե հնով, միևնույնն է, այս ուժը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված ընտրություններին: Պատգամավոր Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ին այլ բան է  մտահոգում ՝ հանկարծ այնպես չստացվի, որ նշանակված ընտրությունների օրը չեղարկվի կամ փոխվի:

«Կարևորը այն է, որ ասենք, օրինակ, ԸՕ փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով հերթական անգամ ասենք՝ ընտրությունների օրը չտեղափոխվի կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցվել չակերտավոր բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ այս պահին ճգնաժամ է երկրում և կոնկրետ այս դեպքում ամենակարճ հանգուցալուծման  սահմանադրական, քաղաքական ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որոնք անցկացնելու առումով մենք հնարավորություն ենք տվել իշխանություններին»:

Պատգամավորը չի շտապում հաստատել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հրաժարվել է հանրահավաքային պայքարից: Ցանկացած պահի կարող են միանալ Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիաներին, գործընթացները մեկը մյուսին չի խանգարում՝ ասում է:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր տեղյակ չէր, թե պայմանավորվածությունների ինչ խախտումների և ինչ հետևանքների մասին են խոսել «Լուսավոր Հայաստան»-ի գործընկերները: Բայց ակնհայտորեն լրագրողների շփումը պատգամավորի հետ այսօր չստացվեց, լարվածությունը հասավ այն աստիճանի, որ Լիլիթ Մակունցը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ: Հարցերը և պատասխանները առնչվում էին արտահերթ ընտրություններում «Իմ քայլ»-ի նախընտրական ցուցակին և այն գլխավորող հավանական թեկնածուին.

Ես կարծում եմ, ցուցակը գլխավորելու հետ կապված ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի մասին քննարկումներ և հրապարակումներ անելը դեռ վաղ է:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը: Նա վարկաբերկվել է այս ընթացքում, չե՞ք կարծում, որ նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը սխալը: Չկա՞ որևէ մեկը ով կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին: Դուք հո անձ-կուսակցություն չե՞ք:

Ես խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել ինձ և խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնալ: Դադարեցնում ենք ճեպազրույցը:

Մինչև այդ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հասցրել էր կարծիք հայտնել, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրությունները չեն չեղարկվի անգամ ԸՕ–ի քննարկման դեպքում:

Այսօր խորհրդարանում էր նաև ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի խորհրդատու Դանիել Իոաննիսյանը: Փոփոխությունների հավանականությանն առնչվող հարցին ի պատասխան՝ հստակեցրեց. եթե համոզված չլիներ, որ Ընտրական օրենսգիրքը կփոխվի, խորհրդարանում չէր լինի:

Կարդացեք նաև

Back to top button