ԿարևորՀասարակություն

Գիտության ֆինանսավորումը կավելանա 2,7 մլրդ դրամով

«Բարձրագույն կրթության և գիտության մասին»  վիճահարույց  նախագիծը՝  հարակից օրենսդրական փաթեթով, այսօր երկրորդ ընթերցմամբ  քննարկվել է  ԱԺ ոլորտային հանձնաժողովում։ Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ՝  նախագիծն այս  ընթացքում  բարելավվել է, խնդրահարույց շատ դրույթներ փոփոխվել են։  Օրենսդրական փաթեթը քննարկվում է արդեն 2 տարի․ նախագծի ընդդիմախոսները կարծում են, որ կրթական նախագիծը քաղաքական շեշտադրումներ է պարունակում։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը կրկին խորհրդարանում է։ Կրթության գերատեսչությունն այն  Ազգային ժողով վերադարձրել փոփոխություններով։ Դրանցից մեկով՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով։  Ըստ նախագծի նախորդ տարբերակի՝ ռեկտորը նշանակվում էր Կառավարության կողմից։  Նախորդ նախագծով ռեկտորի թեկնածուին  ներկայացվող պահանջներից մեկը գիտական աստիճան ունենալն էր, այժմ առաջարկվում է գիտական աստիճանից բացի՝ պարտադիր դարձնել  գիտական և ակադեմիական գործունեության 5 տարվա փորձը։  Խորհրդարանական հանձնաժողովում նախագծի  2-րդ ընթերցմամբ քննարկմանը ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանըն  անդրադարձավ նաև ամբիոնի վարիչների նշանակմանը։

«Նախկինում այս պաշտոնը համարվում էր վարչական, իսկ նոր տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնավարումը ակադեմիական աշխատանք է և ակադեմիական պաշտոն»։

Ավելի շատ  տեխնիկական փոփոխություններ են արվել, քան   բովանդակային՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Արսեն Թավադյանը։

«Հենց քննարկման ժամանակ բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնց պարագայում նախարարը կամ հանձնաժողովի փոխնախագահը ասում էին, այդ հարցերը հետագայում ենթաօրենսդրական ակտերով կկարգավորվեն։ Այս օրենքում, միևնույն է բացերը շատ են։ Որոշ կարգավորումներ կան, որոնք շատ էական են, բայց դրանք փաստացի չեն փոխվել։ Նույն ռեկտորի ընտրության կարգը։  Խորհրդի մեծամասնությունը նշանակվելու է նախարարի կողմից, որը ցանկացած պահի կարող է իր հայեցողությամբ ռեկտոր նշանակել կամ հանել։ Այստեղ որևէ փոփոխություն փաստացի չկա»,–ասում է Թավադյանը։  

Նախագիծը գուցե իդեալական չէ, բայց կարևոր և հրատապ լուծումներ  է պարունակում՝ նկատում է նախարար Դումանյանը։ Նրա խոսքով՝  նուրբ աշխատանք է տարվել նաև բուհերի  հավատարմագրմանը վերաբերող դրույթներում․ անցումային բոլոր ժամկետները և մեխանիզմները համաձայնեցվել են։ Ըստ նախագծի՝ բոլոր այն բուհերը, որոնք հավատարմագրված չեն, պարտավոր են մինչև 2023թ նոյեմբերի 1-ն անցնել այդ գործընթացը։

«Չանցնելու պարագայում նրանք այլևս չեն կարող կազմակերպել ընդունվելու  գործընթաց։ 2023 թվականի նոյեմբերի մեկն ինչ–որ իմաստով վերջնաժամկետ է այն բուհերի  համար, որոնք չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում»,-պարզաբանում է նախարարը։

Իսկ ի՞նչ է սպասվում այն ուսանողներին, որոնք, օրինակ,  2020–ին ընդունվել են որևէ բուհ, որն այդպես էլ չի հավատարմագրվել՝ նախարարից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Այդ հարցադրումը արդիական է մասնավորի մասով, քանի որ չհավատարմագրված պետական բուհ չունենք։ Եթե որևէ բուհ չանցնի ինստիտուցիոնալ հավատարմագրում, ապա  իր ավարտական փաստաթուղթն այլևս չի ճանաչվի։ Հետագայում այդ բուհերի ուսանողների կարգավիճակը մենք կորոշենք։ Օրենքում այդ մակարդակի քննարկում չունենք այժմ»։  

Հաշվի առնելով մեր երկրում գիտության կարևորությունը՝    Վահրամ Դումանյանը դեռ նախորդ քննարկմանն էր գործադիրին խնդրել վերանայել գիտության ֆինանսավորումը։ Նպատակը նաև  ուղեղների արտահոսքը կանխելն է։   Նախարարն այսօր հայտնեց երկար սպասված լուրը․ գիտության ֆինանսավորումը  ծրագրվում է ավելացնել 2,7 մլրդ դրամով։

Կարդացեք նաև

Back to top button