ԿարևորՀասարակություն

ԳՇ պետ իրավունքի՞ ուժով, թե՞ դատարանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր առաքելությունը կշարունակի այնպես, ինչպես սկսել էր։ Դավթյանը կառույցը ղեկավարել է նաև 2018- 2020 թվականներին։

Վարչապետի  պարզաբանմամբ ՝ ԳՇ նորանշանակ պետը  պաշտոնը ստանձնում  է իրավունքի ուժով, մինչդեռ  Գասպարյանի պաշտպանական կողմը շարունակում է պնդել՝ Օնիկ Գասպարյանն է ԳՇ պետի պաշտոնում, բայց  ոչ թե իրավունքի, այլ   դատական ակտի ուժով։

Փաշինյանն այս ամիս արդեն երկրորդ անգամ է այցելում ԶՈւ Գլխավոր շտաբ, այս անգամ առիթը  սպայական բարձրագույն անձնակազմին իրավունքի ուժով ԳՇ պետ դարձած Արտակ Դավթյանին ներկայացնելն է։  Ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է պահպանենք՝  ասել է  Փաշինյանը  և նշել  բանակի երկու առաջնային խնդիրները։

«Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը, և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և, իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ»: 

Արտակ Դավթյանը երկրորդ անգամ է ստանձնում ԳՇ պետի պաշտոնը։ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո,  նա նշանակվեց այդ պաշտոնում, սակայն 2 տարի անց՝ 2020-ի հունիսին,  ինչպես վարչապետն այսօր ձևակերպեց, «շտաբի պետի պաշտոնը թողեց ծառայության հետ կապ չունեցող պատճառներով»։ 2020-ի հունիսին Դավթյանին փոխարինեց Օնիկ Գասպարյանը, որը պաշտոնից ազատվեց փետրվարի 25-ին, այն բանից հետո, երբ ԳՇ-ը պահանջեց Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Իրեն  պաշտոնից ազատելու  որոշումը  Գասպարյանը վիճարկեց Վարչական դատարանում։ Վերջինն էլ  մարտի 17-ին  ընդունեց միջանկյալ որոշում,   որը ենթադրում էր՝ Գասպարյանը կշարունակի զբաղեցնել  ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատավարության ավարտը։ Մասնագետներն այս կետից արմատապես տարբեր մեկնաբանություններով  փորձում են լուծել իրավական գլուխկոտրուկը։

Ըստ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանի՝  գործադիրն արհամարհում է դատական ակտը՝ դրսևորելով  անգործություն։

«Չկա այնպիսի իրավահարաբերություն, որով վարչապետը կարող է առաջարկել պաշտոնից ազատել Գասպարյանին,  իսկ նախագահի անգործության պայմաններում իրավունքի ուժով համարել ազատված։ Դատարանը ոչ թե  ասել  է՝ ժամանակավոր չեմ վերականգնում, այլ նշել է, որ ի սկզբանե նման իրավահարաբերություն չկա, եւ այն քայլերը,  որոնք կատարվել են՝ վարչապետի առաջարկ, նախագահի անգործություն, դրանց արդյունքում չէին կարող Գասպարյանին ազատել պաշտոնից։ Դրանից հետո պաշտպանության նախարարը պետք է ներքին ընթացակարգեր ապահովեր՝ կադրային ռեզերվից հետ կանչեր գործը, ցուցակ ներառեր, ընդունում–հանձնում արվեր։ Դրանք չարվեցին եւ խոչընդոտեցին, որ պարոն Գասպարյանը լիարժեք ստանձնի իր պաշտոնը։ Պաշտպանության նախարարի գործողությունները մենք համարում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում՝ խմբային շահերից ելնելով։ Հաղորդումներն այսօր կամ վաղը կներկայացնենք գլխավոր դատախազություն»։

«Եթե դատարանը բավարարի մեր առաջիկա միջնորդությունը, ապա կունենանք փաստաթուղթ, որով կհաստատվի, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետ չէ»,-ասում է փաստաբանը։

Բանակն այսօրվանից ենթարկվում է Արտակ Դավթյանին՝ իր հերթին վստահեցնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և բացատրում՝  իրավունքի ուժով գործողությունը  հայցով հնարավոր չէ կասեցնել։  

«Սահմանադրությունը սահմանում է` եթե նախագահը չի դիմում ՍԴ կամ չի ստորագրում հրամանագիրը, ապա իրավունքի ուժով վարչապետի ակտը մտնում է ուժի մեջ։ Վարչապետն իր այսօրվա հայտարարությամբ  ընդամենն արձանագրել է, որ իրավունքի ուժով Սահմանադրության նորմն ուժի մեջ է մտել այսօրվանից»։

Պաշտոնի վերականգնման հարց չկա՝ նախարարին կրկին հակադարձում է փաստաբանը՝ շեշտելով, որ Գասպարյանը պաշտոնից ազատված չէ։

«Մենք ասում ենք, որ ոչ թե Գասպարյանը ազատվել է ու վերականգնվում է , այլ՝ դատարանն  է ասում է, որ պաշտոնից չի ազատվել։ Եվ վերականգնման հարց չկա։ Գասպարյանի կարգավիճակն այս պահին հետեւյալն է ներքին ընթացակարգը չի պահպանվում , Օնիկ Գասպարյանը դե յուրե չի կարող իրականացնել իր լիազորությունները՝ որպես ԳՇ պետ։ Քանի դեռ չկան ՊՆ ներքին հրամանները,  Գասպարյանը չի կարող գործել, սա է, որ ասում ենք՝ խոչընդոտում են»։

ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նույնպես կարծում է, որ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվել է, սակայն առկա տարաձայնությունները տեղափոխվել են իրավական դաշտ։ Այս մասին Դավթյանը գրառում է կատարել ՖԲ–ում եւ ընդգծել, որ ՀՀ զինված ուժերը, ունենալով կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ։

Կարդացեք նաև

Back to top button