
Պատերազմի առաջին օրերից և նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է հակամարտությունից տուժած բնակչության համապարփակ հումանիտար աջակցությունը։ Այս նպատակով քայլեր են ձեռնարկվել ՄԱԿ–ի մասնագիտացված կառույցներին, միջազգային հանրությանը և հումանիտար կազմակերպություններին ներգրավելու համար։ Սակայն, ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի խոսքով․
«Ադրբեջանը քաղաքականացնում է խնդիրը, արհեստական նախապայմաններ է առաջ քաշում, ինչը դժվարացնում է ՄԱԿ-ի ներկայության ապահովումը Լեռնային Ղարաբաղում»,- նշում է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ադրբեջանի վարած քաղաքականությունը հակասում է վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որ դյուրացվի COVID-19-ի դեմ պատվաստումը՝ «Ռադիոլուրին» ասում է արտգործնախարարության ներկայացուցիչը։
«Այս ընթացքում ՄԱԿ–ը ցանկություն է հայտնել, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի դեկտեմբերյան հայտարարություններում էլ դա կա, որ պատրաստակամություն են հայտնել օգնություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բոլոր գոտիներում։ Նպատակ է եղել, որ ՄԱԿ–ի կողմից հատուկ միջգործակալական առաքելություն ուղարկվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում գնահատելու կարիքները և տեղում ապահովելու հումանիտար աջակցությունը։ Սակայն այս ընթացքում Ադրբեջանը կրկին իր ապակառուցողական մոտեցումն է դրսևորել՝ խախտելով հումանիտար աջակցության վերաբերյալ ընդունված բոլոր միջազգային սկզբունքները», — մանրամասնում է Խաչատրյանը։

Փետրվարի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր նոր բանաձև։ Փաստաթուղթը նախատեսում է Covid-ի շրջանում հումանիտար և բժշկական աջակցության տրամադրումը հակամարտության գոտում գտնվողներին։ Բանաձևով կոչ է արվում ներգրավված կողմերին՝ ապահովել բժշկական սարքավորումների և անձնակազմի մուտքը հակամարտության գոտիներ՝ պատվաստանյութ և այլ բժշկական օգնություն հասցնելու համար։ Արման Խաչատրյանի խոսքով՝ այս բանաձևը ևս անտեսվել է Ադրբեջանի կողմից՝ առաջացնելով միջազգային հանրության և հիմնական խաղացողների դժգոհությունը՝ մանրամասնում է ԱԳՆ ներկայացուցիչը։
ՄԱԿ — ում այս մասին խոսելուց հետո որևէ արձագանք, նախաձեռնություն, քայլ եղե՞լ է հենց ՄԱԿ–ի կողմից։ «Այո, քննարկումները շարունակվում են, ՄԱԿ–ը և հայկական կողմը, նաև խնդրում ներգրաված այլ պետություններ և միջազգային կազմակերպություններ՝ հիմնական նպատակ ունենալով Արցախում հումանիտար իրավիճակի բարելավումը, տարբեր ձևաչափով նախաձեռնություններ են առաջ քաշել։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նույնպես իր հայտարարություններում անդրադարձել է այս խնդրին, սակայն գործընթացը դարձյալ արգելափակվում է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման շրջանակում»,- պարզաբանում է Արման Խաչատրյանը։

«Ռադիոլուր»–ի հետ զրույցում խնդրին արդրադառնում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի արգելումը Ադրբեջանի տասնամյակների հայատյաց քաղաքականության մասն է։
«Ադրբեջանի նպատակն է մեկուսացնել Արցախը քաղաքակիրթ աշխարհից։ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այդ ամենը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, քանի որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության հարցի վրա, այդ թվում՝ հումանիտար հարցերի»,- հաղորդում է ՄԻՊ-ի գրասենյակը։
Միջազգային կամզակերպությունների միջոցով Արցախ հումանիտար օգնություն հասցնելու ԱԳՆ–ի նախաձեռնությունը նպատակ է ունեցել օգնություն ցուցաբերել արցախահայությանն ինչպես Արցախում, այնպես էլ Արցախի տեղահանված և ժամանակավոր Հայաստանում հաստատված բնակչությանը։ Միջազգային կազմակերպությունների ներգրավումը նաև տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համատեքստում է։




