
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց օգնելու նպատակով հանրապետության 6 մարզերում կստեղծվեն հատուկ կենտրոններ: Դրանցում կիրականացվեն ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, կտրվեն անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություներ: Առաջին փուլի ավարտից հետո կառավարությունը նախատեսում է շարունակել ծրագիրը:
Պաշտպանել 44-օրյա պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքները, ապահովել նրանց սոցիալականացումը. այս նպատակի իրականացման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհրաժեշտ միջոցառումների ծրագիր է մշակել: Նախատեսում են ստեղծել հատուկ՝ անկախ կյանքի կենտրոններ: Ծրագիրը՝ ժամանակացույցով, նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է կառավարության հաստատմանը՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը այսպես.
«Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք հասարակական կյանքում առերեսվելու են նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով նրանց մի մասը վերականգնողական բուժում են ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում, որոնք գտնվում են Երևանում, սակայն նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցությունն ապահովելու համար»,- ասաց նախարարը:
Ծրագրի առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը: Նախարարն ասել է, որ ծրագիրը մշակելիս հիմնվել են միջազգային փորձի վրա:
Նկատենք՝ Հայաստանն արդեն ունի նման կենտրոն ստեղծելու տեղական հաջողված փորձ. 2018 թվականից Երևանում գործում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ը:

«Ռադիոլուրի»–ը զրուցել է կենտրոնի հասարակայնության հետ կապերի մասնագետ Սաթեն Միքայելյանի հետ: Նա ասում է՝ զբաղվում են տարբեր խնդիրներով՝ առողջականից մինչև կրթական.
«Առօրյա կենցաղային ամենատարատեսակ հարցեր, սեփական հիգիենան, ինչպես անկողնուց անվասայլակ տեղափոխվել և հակառակը, սննդի ընդունումը, մենք տղաներին զրոյից սովորեցնում ենք, որովհետև վնասվածքի հետևանքով շատ հաճախ ունակությունները կորցնում են։ Նպատակը ֆունկցիոնալ վերականգնումն է, որպեսզի նրանք կենցաղում հնարավոր ինքնուրույն լինեն»։
Կենտրոնում կարգավորում են նաև պատերազմի մասնակիցների կենցաղավարման խնդիրները. եթե պետք է, սովորեցնում են ամենատարականն ու անհրաժեշտը՝ ինչպես բռնել գդալը կամ սայլակին նստած բացել դուռը: Սաթենն ասում է.
«Շատ լավ է, որ ընտանիքի անդամները հոգատար են և խնամք են տանում, բայց, միևնույն է, 20-21 տարեկան տղաները պետք է լինեն ինքնուրույն, որքան դա հնարավոր է»։
Դառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերին. ավարտվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման առաջին փուլը: Կառավարության այսօրվա նիստում նախարար Մեսրոպ Առաքելյանն ասել է, որ բացի առողջական վիճակից՝ գնահատվում են նաև կենցաղային, տնային պայմանները:
Միջազգային չափանիշներին համապատասխան, բազմաֆունկցիոնալ պրոթեզներ ձեռք բերելու համար նախարարությունն ունի պայմանավորվածություններ եվրոպական և ամերիկյան պրոթեզարանների հետ:




