ԿարևորՀասարակություն

Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ դատարանի որոշումը՝ իրավական նոր գլուխկոտրուկ

Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը իրավական նոր գլուխկոտրուկ  է ստեղծել։ Վարչական դատարանը բավարարել է  Օնիկ Գասպարյանի դիմումն ընդդեմ հանրապետության նախագահի ու վարչապետի և միջանկյալ որոշում է կայացրել։  Դատարանի որոշումը փաստաբաններն ու կառավարությունը տարբեր կերպ են մեկնաբանում։ Առաջինների կարծիքով՝    Գլխավոր շտաբի գործող պետը Օնիկ Գասպարյանն է: Կառավարության մեկնաբանությամբ, մինչդեռ, Օնիկ Գասպարյանն ազատված է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իսկ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։

Վարչապետի աշխատակազմն ընդգծում է՝ Գասպարյանն աշխատանքից ազատվել է իրավունքի ուժով, և սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն նախատեսված չէ։

«Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է», -նշվում է վարչապետի գրասենյակի տարածած պարզաբանման մեջ։

Իրավաբանների մի մասը, սակայն, համոզված է՝  դատարանի որոշմամբ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի աշխատանքը, իսկ Արտակ Դավթյանը մարտի 20-ին իրավունքի ուժով ԳԺ պետ չի կարող նշանակվել։ Ըստ այդմ՝ ավտոմատ դադարեցվում են նաեւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Գալստյանի լիազորությունները։ Սրանում համոզված է նաև Օնիկ Գասպարյանի պաշտպանը։

Դատարանի որոշման տրամաբանությանը համաձայն չեն   Իմ քայլը» խմբակցությունում։

«Չի կարելի իրավունքի ուժով գործողության մեջ մտնող նորմի վերաբերյալ  հայցի ապահովման միջոց կիրառել։ Դա շենքի շինարարություն չէ, որ կասեցնես շինարարությունը, մինչեւ տեսնես՝ դատական նիստն ինչ է լինում։ Այդ գործողությունը եղել է, ավարտվել է։ Դա ուղղակի աբսուրդ է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, ոնց է ի կատար ածվելու», -ասում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման շուրջ զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Հայրենիքի փրկության շարժումը.

«Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ: Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին»,–ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Մինչդեռ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գնահատմամբ՝ գործ ունենք գործընթացի ավարտված փուլի հետ․ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից, սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որով իրավիճակը կբերվի նախկինին՝ պարզաբանել է  նախարարը։

Ինչ վերաբերում է Վարչական դատարանի կայացրած որոշմանը, ապա այն, արդարադատության նախարարի ձեւակերպմամբ,  հարկադիր կատարում չի ենթադրում։

Կարդացեք նաև

Back to top button