ԿարևորՔաղաքական

Ո՞ւմ հարմարության համար են քննարկվում արտահերթ ընտրության ժամկետերը

Ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվում։ Քաղաքական դաշտի բոլոր դերակատարները կարծես համակարծիք են, որ ճգնաժամի հանգուցալուծման գլխավոր օրակարգը արտահերթ ընտրություններն են։ Չնայած այս համակարծությանը, սակայն, ընդդիմադիր եւ իշխանական ուժերը փոխադարձ մեղադրանքներ են հասցեագրում միմյանց՝ արտահերթ ընտրություններ չցանկանալու մեջ։ Այսօր հերթական նման ձեւակերպումն է արել իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը։ Նախորդիվ նման կերպ արտահայտվել էր Էդմոն Մարուքյանը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցակցման թեմային անդրադառնալով, ընդդիմադիրներին, մասնավորապես՝ ԼՀԿ-ին է մեղադրել, թե իրականում այդ թեւում կողմ չեն արտահերթ ընտրությունների։ Ընդդիմադիր դաշտում գտնվողների 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ՝ ի հեճուկս իրենց հայտարարությունների՝ կարծիք է հայտնել Սիմոնյանը։

«Ինչու է, օրինակ, ընդդիմությունը, հենց իշխանությունը առաջարկում է ընտրություններ, խուսափում, սկսում մասնատվել։ Դուք տեսնում եք, նույն 17-ի ներկայացուցիչները տարբեր հայտարարություններ են անում։ Ռուբերտ Քոչարյանն ասում է` մասնակցելու է ու կրելու է, Դաշնակցությունն ասում է մեկ այլ բան, մյուսը՝ մեկ ուրիշ բան»։

Հակադարձելով Ալեն Սիմոնյանին՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտել է, որ երկրում թիվ մեկ խնդիրը քաղաքական ճգնաժամը հանգուցելու համար շարունակում է մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչին իրենք պատրաստ են։

«ԼՀ-ն պաշտոնապես հայտարարեց՝ եթե մինչեւ հունիսի 1-ը կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, չի առաջադրի վարչապետի թեկնածու՝ վարչապետի հրաժարականի պարագայում, որեւէ ձեւով չի խոչընդոտի, եթե անգամ ուրիշ ֆրակցիա առաջադրի՝ չի ընտրի այդ վարչապետի թեկնածուին, միայն թե խորհրդարանը լուծարվի, եւ մենք գնանք ընտրությունների»։

Ակնհայտորեն Էդմոն Մարուքյանի ակնարկը վերաբերում է խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հավանականությանը։ ԲՀԿ-ի մասով, մինչդեռ, իշխանական պատգամավոր Ալեն Սիմոնյանը որեւէ կասկած չունի։

«ԲՀԿ-ի պարագայում նման բան չեմ կարող ասել, որովհետեւ կարծում եմ, իրենք, համենայնդեպս, պատրաստ են ընտրությունների՝ իմ գնահատականն է»։

ԲՀԿ-ում եւս մեկ անգամ հստակեցրել են, որ իրենց դիրքորոշումն արտահերթ ընտրությունների հարցում չի փոխվել։ Արման Աբովյան.

«Արդեն իսկ հիմնական տեսլականը հնչեցված է, որ պետք է իշխանությունը հրաժարական տա, եւ պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Կոչ եմ անում՝ ոչ մեկը թող չփորձի փնտրել ենթատեքստեր, չփորձել խեղաթյուրել, պտտեցնել, որովհետեւ չի ստացվի։ Շատ պարզ է, որքան էլ ոմանց դուր չգա, ելքը հետեւյալն է՝ իշխանության հրաժարական եւ արտահերթ ընտրություններ»։

Լուրեր էին շրջանառվում, որ այսօր պետք է տեղի ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հստակ օրը։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, սակայն, այդ լուրը հերքում է: «Այսօր նման հանդիպում նախատեսված չէ: Ընդհանրապես, եթե նախատեսվի, լրացուցիչ կտեղեկացնենք»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել է, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել:

Ինչո՞ւ իշխանությունն արտահերթ ընտրությունների չի գնում միանձնյա որոշմամբ։ Ի պատասխան այս հարցի՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, թե արտահերթ ընտրությունները ներքաղաքական իրավիճակը լիցքաթափելու համար են, ուստի դա միանձնյա անելը քաղաքական առումով այնքան էլ ճիշտ չեն համարում: Ժամկետերի մասով էլ որեւէ հստակեցում չկա, քանի որ, Սիմոնյանի ձեւակերպմամբ, ընթացիկ քննարկումներ են տարվում ընդդիմադիրների հետ. ուզում են, որ նաեւ իրենց հարմար լինեն ժամկետերը:

Կարդացեք նաև

Back to top button