
Ֆինանսների նախարարությունն այսօր արձագանքել է այն մտահոգություններին, որոնք առաջացել են կառավարության մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթներից մեկի առնչությամբ։ Օրենքների վերանայման առաջարկները կապ չունեն պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և չեն ազդելու հետագա տարիների բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի վրա՝ պարզաբանել է նախարարությունը։
Իսկ քննարկումների առիթ դարձած փաթեթով Կառավարությունն առաջարկում է շուրջ 1 տասնյակ օրենքներում ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով յուրաքանչյուր հաջորդ տարի երաշխավորվում է բյուջետային հատկացումների ավելացումը կամ նախորդից պակաս չլինելը։ Խոսքը կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտների մասին է։ Նույն փաթեթում, ի դեպ, նաև ՄԻՊ-ին վերաբերող համանման նախագիծն է։
«Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` դրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը պետք է ցածր չլինի բյուջետային նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից»․ սա «Կրթության մասին» օրենքի 46–րդ հոդվածի 2-րդ մասն է, որով երաշխավորվում է, որ կրթության ոլորտի ամեն հաջորդ տարվա ֆինանսավորումը չի կարող պակաս լինել նախորդ տարվա ֆինանսավորումից։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է օրենսդրական հենց այս դրույթը ուժը կորցրած ճանաչել։ Այս և մի քանի այլ օրենքներում նույնաբովանդակ փոփոխություն առաջարկող օրենսդրական փաթեթը հավանության է արժանացել կառավարության մարտի 11-ի նիստում։
Գործադիրը նույն առաջարկն անում է նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման վերաբերյալ, իսկ որպես հիմնավորում նշում
բյուջետային միջոցներն ավելի արդյունավետ, հասցեական ու նպատակային օգտագործելու խնդիրը։
ԿԳՄՍ նախարարությունն ու Գիտության կոմիտեն առարկություններ ունեն առաջարկի վերաբերյալ։ Կարծում են՝ հենց համապատասխան հոդվածի առկայությունն է երաշխավորում, որ ոլորտին տրամադրվող բյուջետային հատկացումները նախորդ տարվա համեմատ չնվազեն և ամեն տարի նախատեսվի բյուջեի եկամտային աճին համարժեք գումար: Այս ամրագրումից հրաժարվելը ոլորտի ներկայացուցիչները ռիսկային են համարում։

Առաջարկում ռիսկեր տեսնում է նաև YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։
«Ռիսկեր միանշանակ տեսնում եմ։ Երաշխիք է պետք, որ գիտության պայմանները լավանալու են, դրանք ամրագրելու տարբեր մեխանիզմներ կան։ Ամենալավ տարբերակն այդ երաշխիքներն օրենքով ամրագրելն է, ինչը կար։ Օրենքում գրված չէ, որ ֆինանսավորումը կավելացվի, բայց նվազում էլ նախատեսված չէ։ Կառավարությունը որոշել է այդ ձևակերպումը հանել։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարվելու գիտության ոլորտում»։
Հոդվածից հրաժարվելը ոլորտին ուղղվող բյուջետային միջոցների նվազեցում չի ենթադրում՝ «Ռադիոլուր»-ին պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը և նշում․ «Կառավարության քաղաքականությունը հետևյալն է՝ տարբեր օրենքներում, կարգերում հրաժարվել թվեր ամրագրելու մոտեցումից։ Իսկ ֆինանսավորման նվազեցում չկա ու չի լինի։ Ավելին՝ առաջիկայում քննարկվելու գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման հարցը»։
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղիյանը համոզված է, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա, բայց միայն դրանով ոլորտի խնդիրները չեն լուծվի։
«Գիտության ֆինանսավորման ավելացումը կխթանի, որ մասնագետները մնան, աշխատեն։ Բայց ընդհանուր առմամբ պետք է մեծ ծրագրեր ֆինանսավորել։ Մինչև բիզնես ծրագրի գաղափարը գիտություն չմտնի, ոչինչ չի լինի։ Մենք պետք է վերափոխենք մոդելը, գործընթացը շատ դանդաղ է գնում», -ասում է Սաղիյանը։
Կառավարության վերջին նիստից սկսված և վերջին օրերին թեժացած քննարկումներին այսօր արձագանքել է ֆինանսների նախարարությունը։ Օրենքների վերանայման առաջարկները կապ չունեն պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և չեն ազդելու հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի վրա՝ պարզաբանում է գերատեսչությունը։ Նաև վստահեցնում, որ 9 նախագծերով կարգավորումների վերանայումն ինքնին չի կարող հանգեցնել ոլորտներում բյուջետային ծախսերի նվազմանը։ Ճիշտ հակառակը՝ առաջարկում են վերացնել այն կարգավորումները, որոնք կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափը։




