ԿարևորՀասարակություն

Տագնապ-վարժանք․ Լևոն Շանթի դպրոցում «հրդեհ»-ից տուժածներ չկան

Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում այսօր հրդեհ էր՝ բարեբախտաբար բեմադրված։ «Ռադիոլուր»-ը եղել է դեպքի վայրում և արձանագրել, որ  աշակերտներն ու ուսուցիչները կարողացել են գործնականում կիրառել հրդեհային անվտանգության կանոնները: ԱԻՆ-ի աշխատակիցները գոհ էին տագանպ-վարժանքի արդյունքներից: Արթուր Մարդանյանը պատմում է, թե ինչպես տեղեկացան «հրդեհի» մասին. «Դպրոցի ղեկավարությունը պայմանական հրդեհի կանչով զանգահարել է 9-11, մեր հրշեջները մոտեցել են, դպրոցում կատարվել է տարհանում, և 2 տուժածների ցուցաբերվել է համապատասխան օգնություն»։

Դպրոցում ուսումնական տագնապ-վարժանք էր, նպատակը՝ սովորեցնել, թե ի՞նչ պետք է անել հրդեհի ժամանակ, ծանոթացնել հրշեջների աշխատանքին: Արթուր Մարդանյանի խոսքով՝ նման դեպքերում խուճապը և լարվածությունը մեծ է լինում, և իրենց նպատակն է ցույց տալ երեխաներին, թե ինչ պետք է անել»։

Լևոն Շանթի անվան դպրոցի ուսուցիչ Գայանե Բարսեղյանն ասում է, որ հրդեհային անվտանգության կանոններին ծանոթանալու համար դպրոցում անցկացվում են նաև տեսական դասընթացներ, բայց, այսպես կոչված, գործնական պարապմունքը օգնում է, որ երեխան հասկանա, թե ինչ պետք է անել նման իրավիճակում: Այս վարժանքի մասին ասում է. «Երեխաները տեղյակ չէին, հանպատրաստից են արձագանքել տագնապին, բայց մենք տարվա ընթացքում պարբերաբար դասեր ունենում ենք, բնական աղետների հետ կապված դասագրքեր ունենք, սովորեցնում ենք կանոնները»։

Երկրաշարժ, հրդեհ, ջրհեղեղ, սողանք. աղետների այս թվարկումը շարունակելի է: Դրանք կանխել գուցե հնարավոր չէ, բայց եթե գիտենք համապատասխան վարքականոնները, կարելի է գոնե փոքր-ինչ մեղմել հետևանքները:

Որ աղետի դեպքում ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Հատկապես վերջին՝ ուր գնալ հարցին ի պատասխան հաճախ է նշվում՝ ապաստարան, մինչ դեռ գիտենք, որ ապաստարաններ կան ոչ բոլոր դպրոցներում, և ապաստարան պետք է գնալ ոչ բոլոր դեպքերում: Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը նկատում է. «Վատ է, որ հանրակրթական դպրոցներում պարտադիր ապաստարաններ ունենալու հարցը այսօր է դրվում: Դեռ 2020 թվականին արդեն դրվել է նախագիծը կոմիտեի կողմից, որ անխտիր բոլոր դպրոցները պետք է ունենան ապաստարաններ»։

Հրդեհի դեպքում ապաստարան վազել պետք չէ. Շանթի անվան դպրոցում աշակերտները լավ էին սերտել  հրդեհից պաշտպանվելու կանոնները, 6-րդ դասարանի աշակերտ Երեմ Մկրտչյանն ասում է՝ զանգի ձայնի փոխարեն տագնապի ազդանշանը լսեց, բայց  խուճապահար չեղավ. «Հիմա տարհանում է, փորձարկում, մենք սովորել էինք կանոնները և ես գիտեի, որ ամենամոտիկ աստիճաններով պետք է ներքև իջնեի արագ»։

Դպրոցում տագնապ չկար, ԱԻՆ-ի աշխատակից Արթուր Մարդանյանը հորդորեց երեխաներին ուշադիր հետևել վարժանքի ընթացքին, որպեսզի իսկական հրդեհի դեպքում ճշգրտորեն հետևեն կանոններն, ու տուժածներ չունենան, ինչպես  այսօր։ 

Կարդացեք նաև

Back to top button