ԿարևորՀասարակություն

Ումի՞ց է անկախ դատական իշխանությունը․ թեժ քննարկում խորհրդարանում

Բարձրագույն դատական խորհրդի  նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր Ազգային ժողովում է եղել Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածությունների հարցը  քննարկելու համար, բայց խորհրդարանական քննարկումը ծավալվել է այլ թեմայի շուրջ։

Պատգամավորների ու ԲԴԽ նախագահի բանավեճի  առանցքում եղել է դատական բարձրագույն կառույցի  ղեկավարի նոյեմբերի 15-ի հայտարարությունը,  որը հաջորդել էր «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին վարչապետի հայտնի արտահայտությանը։   

Քաղաքական մեծամասնության պատգամավորները ԲԴԽ նախագահի հայտարարության ամսաթիվն ու բովանդակությունը կապում են քաղաքական կոնկրետ իրադարձությունների ու նպատակների հետ։ ԲԴԽ նախագահը պնդում է՝ ուղերձով զսպվածության կոչ է արել և  որևէ կանոն չի խախտել։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարական ներկայացնելու մտադրություններ չունի: Նա չի հասկանում, թե ինչու չստացվեց շփումը իշխանական պատգամավորների հետ:

«Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:

Իշխանություն-ԲԴԽ տարաձայնությունների հիմքում «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին վարչապետի  ձևակերպումն էր և դրան հաջորդած ԲԴԽ նախագահի հայտարարությունը: Իշխանական պատգամավորները այն մարտակոչ են որակում և ուշադրություն հրավիրում հայտարարության ամսաթվին՝ նոյեմբերի 15:

Ռուբեն Վարդազարյանի հայտարարության մեջ, մասնավորապես,  ասվում էր.

«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Ժամկետների և բովանդակության մեջ պատգամավորների մի մասը քողարկված նպատակներ է տեսնում: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մինչև հարց տալը հիշեցրեց ԱԱԾ հաղորդագրություններից մեկը՝  կից  ձայնագրությամբ, իմքայլական  Հայկ Գևորգյանը և Գևորգ Պապոյանը թվարկեցին զարգացումները, որոնք հետևեցին ԲԴԽ նախագահի հայտարարությանը:

Արման Բաբաջանյան․ «Վեկալեք խփեք». սա ձեր ընկերների՝ նախկին պաշտոնյաների, խոսակցությունն էր: Վարչապետին խփելու վերաբերյալ այս խոսակցությունը նոյեմբերի 14-ին էր, պարոն Վարդազարյան: Եվ այդ մարտակոչը, որը դուք արել եք նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության և ձեր ընկերական շրջանակի հետ»:

Հայ Գևորգյան․ «Ձեր հայտարարությունից հետո  չկալանավորվեցին զինված հեղաշրջում նախապատրաստող նախկին բավական հիշելի ու օդիոզ պաշտոնյաներ: Չկալանավորվեցին մոտ 70 ջարդարարներ: Ու այդ ամենը եղավ Ձեր հայտարարությունից հետո»:

Գևորգ Պապոյան․ «Բարեբախտաբար, հաջողությամբ չի պսակվել ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձը: Կա վիդեոձայնագրություն, որտեղ ասում են՝ սպանեք և այլն, և այլն: Եվ կա վիդեոձայնագրություն, որտեղ ասում են՝արդեն սպանել ենք, թողնենք գնանք: Այդ մահափորձի մեջ մեղադրվող բոլոր անձինք ազատ են արձակվել»:

Դեպքերի միջև պատգամավորների ներկայացրած շղթայական կապը Ռուբեն Վարդազարյանը չի նկատում: Պնդում է՝ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չի ունեցել և չի առնչվել որևէ գործի: Վարդազարյանը խոսում է նաև սրվակից բաց թողնված ջինի մասին:

«Վստահ եմ, որ դժվար գտնվի մեկը, որն ուզում է, որ մենք ունենանք «վնգստացող» դատավորներ: Իմ կոչը եղել է հետևյալը. եկեք այնպես աշխատենք, որ մեզ այդպես չանվանեն: Դրա մասին է խոսքը: «Ջինը» արդեն դուրս է եկել սրվակից: Այլևս հնարավոր չէ ջինը հետ մտցնել այդ սրվակի մեջ: Դատական իշխանությունը իրապես անկախ է, և Հայաստանում չկա որևէ անձ, որը կարող է դատավորին հանձնարարություն տալ ինչ-ինչ պատճառներով»:

Վարդազարյանը պնդում է՝ դատական համակարգը վերջին երկու տարվա ընթացքում ազատ է, քան երբևէ: «Իմ քայլ»-ի պատգամավորները չեն կիսում ԲԴԽ նախագահի գնահատականները: 

Հայկ Գևորգյան․ «Իմ պատկերացմամբ՝ նոյեմբերի 15-ին Դուք ստեղծված իրավիճակը սխալ եք գնահատել: Դուք կանխատեսել եք, որ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ, որոնք տեղի չեն ունեցել, ու Դուք սխալվել եք: Ու հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը»:

Հայկ Կոնջորյան․ «Այո, դուք ճիշտ եք, դատական իշխանությունը անկախացել է կառավարող ուժից, կառավարող մեծամասնությունից, բայց արդյո՞ք դատական իշխանությունը անկախացել է բոլոր այլ ուժերից, այլ ստվերային շրջանակներից: Արդյո՞ք դատական իշխանությունը անկախացել է մանկության ընկերների կապերից, արդյո՞ք դատական իշխանությունը անկախացել է փողի, ստվերային գործարքների կապերից»:

Պատգամավորները չմոռացան հիշել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Ռուբեն Վարդազարյանը երկու տարի առաջ առաջադրվել է նախկին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի միջնորդությամբ:

Կարդացեք նաև

Back to top button