
Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանում շարունակվող քաղաքական գործընթացներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը լարող կամ բռնի գործողություններից: Մենք հորդորում ենք հայաստանյան գործիչներին խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները և հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական գործընթացները», — հավելել է նա:
«Միացյալ Նահանգները կայուն աջակցություն են ցուցաբերել Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը », — ասել է Փրայսը:




