
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ի նիստում շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում են ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ին հրապարակած հայտարարությանը: Վարդազարյանը վստահեցրել է, որ դատավորներին ուղղված իր հայտարարությունը պարզապես զսպվածության և սթափության կոչ է:
«Այո, ես նորից պնդում եմ, որ իմ կոչը զսպվածության կոչ էր, սթափվելու կոչ էր: Եվ ես կոչ եմ արել իմ բոլոր գործընկերներին՝ զերծ մնալ որևէ քաղաքական դրդապատճառով որոշում կայացնելուց, թե իշխանությանը, թե ընդդիմությանը, թե քաղհասարակությանը չհետևել, ղեկավարվել բացառապես օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով: Սա էր իմ կոչի բուն էությունը, բուն իմաստը»,-ասել է Վարդազարյանը:
Խորհրդարանում այսօր շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Նա ասել է, որ պատրաստ է պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են թեկնածուին:
«Խնդրում եմ չշփոթել, որ սա տարեկան զեկույց չէ։ Այնպիսի տպավորություն է, որ դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր հարցերը, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը: Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկելու համար հրավիրել ԲԴԽ»,- նշել է նա:




