
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտ ամսին հանրապետության ողջ տարածքում ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավել:
Մարտ ամսվա կլիմայական բնութագիրը
Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9⁰C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2⁰C, երրորդ տասնօրյակում` +0.5⁰C:
Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4⁰C, Լոռիում (Տաշիրում` -3⁰C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2⁰C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8⁰C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34⁰C, նախալեռներում` -24…-30⁰C, հովտային շրջաններում` -13…-17⁰C, Արարատյան դաշտում` -17…-25⁰C:
Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22⁰C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27⁰C, Սյունիքի հովիտներում` 25…30⁰C:
Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:
Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-25⁰C, առավելագույնը՝ +26…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման՝ 40 մմ):




