ԿարևորՀասարակություն

«Ոսկի» քաղաքում «գերեվարված» հայուհին

Համավարակի  սահմանափակումները ոչ միայն անհարմարություններ,  այլ նաև նոր հնարավորություններ ստեղծեցին։  Քովիդի պառճառով Մարին տարեսկզբից եգիպտական Դահաբում է․ սահմանափակումը նրա համար դարձավ հնարավորություն կյանքն ուրիշ՝ եգիպտական  գույներով տեսնելու։ 

Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, մի փոքրիկ քաղաք կա` Դահաբ անունով։ Թարգմանաբար նշանակում է «Ոսկի»: Բեդվինների ձկնորսական փոքրիկ գյուղն այսօր դարձել է սուզորդների ու ուինդսերֆերների նախընտրելի հասցեն:

Դահաբից 100 կմ հարավ ընկած է հայերիս հայտնի Շարմ էլ Շեյխը, որտեղ ամեն քայլափոխի հայերեն խոսք է լսվում, մինչդեռ Դահաբում հազարից մեկ հայի կհանդիպես։ Դահաբում եմ սուզորդական վերապատրաստման հերթական դասընթացի համար։  Հյուրանոցից դուրս եմ գալիս փողոց, Կարմիր ծովի ափամերձ շուկայում հայերեն երգի հնչյուններ եմ լսում։

-Սի՜րունիկ, սի՜րուունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ…

Հաճելիորեն զարմացած՝ մոտենում եմ աշխույժ փոքրիկների ուղեկցությամբ, երգելով քայլող  հայ կնոջը։ Ծանոթանում ենք՝ Անին է, ամուսնու, 3 և 7 տարեկան որդիների հետ որոշել է Դահաբում ձմեռել։ Պատմում է․ «Ամուսինս զբաղվում է կայտով, դայվինգով, ֆրիդայվինգով։ Մենք արդեն երկրորդ անգամ ենք այստեղ գալիս ձմեռելու, քանի որ շատ հաճելի է, և էս էլ, ճիշտն ասած, չեմ դիմանում Երևանի երկար ձմեռներներին։ Եկել ենք ձմեռելու ու սպորտով զբաղվելու»։  

Անիի ու չարաճճի փոքրիկների հետ է նաև Մարին։ Նա ստիպված է մնացել Եգիպտոսում։ Եկել է ձմռանը, հետո թռիչքները դադարել են, ու մնացել է Սինայի թերակղզում։ Շարմ էլ Շեյխի հյուրանոցում ապրելու փոխարեն  եկել է Դահաբ, որ բնությանն ավելի մոտ լինի։  Ասում է՝ այստեղ կարող ես ծովի ափին  տուն վարձել և ապրել։

Թագավարակի սահմանափակումները կյանքն ուրիշ գույներով տեսնելու հնարավորություն տվեցին Մարիին։ Օրվա հացի խնդիրը լուծեց  համացանցով թարգմանություններ անելով։ Այսօր էլ աշխատանքային առաջարկների պակաս չունի, բայց դեռ ոչ մեկը չի ընդունել։

Մարին արդեն  1 տարի Դահաբում է։ «Գերեվարվելու» մեկամյակը որոշում ենք նշել Մարիի տանը՝ 1 գավաթ թեյով ու տեղական մրգերով։ Տան ծաղկազարդ բակի տեսնելով՝ հարցնում եմ՝ այս ընթացքում պատրաստե՞լ է հայկական տոլմա։

«Մեզնից  ոչ հեռու ռեստորան կա,  որտեղից տոլմա եմ վերցնում։ Իրենք էլ են տոլմա փաթաթում, բայց իրենցը մսով չի ու մերի նման համեղ չէ»։

Ինչքան էլ Ոսկի քաղաքի կախարդական կյանքն ու արևը գերող են, Հայաստանի կարոտն ավելին է։

«Կարոտել եմ Հայաստանը, կարոտել եմ փողոցները, մարդկանց, ամեն ինչ»,-ասում է Մարին։

Կարդացեք նաև

Back to top button