ԿարևորՀասարակություն

Արցախում էներգետիկ ենթակառուցվածքները գրեթե վերականգնված են

«Արցախում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները բացառապես տեխնիկական խափանումների հետևանք են»,- պարզաբանում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Արմեն Թովմասյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Արցախում էլեկտրամատակարարման համակարգի վերականգնողական աշխատանքները գրեթե ավարտված են․ խնդիրներ մնացել են Մարտունու շրջանում։

«Շրջաններ կան, որտեղ որոշ համայնքներում կապի կամ էլեկտրաէներգիայի խնդիրներ ունենք, սակայն այդ խնդիրները լուծման փուլում են։ Այն համայնքներում, որտեղ խնդիր ունենք, էլեկտրամատակարարումը իրականացվում է կառավարության կողմից տրամադրված դիզելային վառելիքով աշխատող գեներատորների միջոցով»,– ասում է Արմեն Թովմասյանը։

Փետրվարի 25-ին Հայաստանում հանրահավաքներ էին, Արցախում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ․ համընկնումը պատահականություն էր, բայց մամուլը երեկ գրեց, թե արցախցիները պատճառահետևանքային կապ են տեսնում։  Օրվա վերջում «Արցախէներգո» ՓԲԸ–ն տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Հայաստանի «Շինուհայր» ենթակայանում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով։

Էներգետիկ հարցերով փորձագետ, «Հայկական էներգետիկական ակադեմիա» կազմակերպության նախագահ Ստեփան Պապիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ նման դեպքեր կլինեն այնքան, քանի դեռ գործում է Արցախ–Հայաստան կապի միայն մեկ ճանապարհ, որն անցնում է Լաչինի միջանցքով։

«Պատերազմից հետևանքով Արցախում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել հիմնականում էլեկտրաէներգետիկ համակարգերի հետ կապված։ Այս պահին Արցախում աշխատում են միայն 6 հիդրոէլեկտրոկայանները, որոնք էլ բոլորը միասին կազմում են մոտ 75 մեգավատ էլեկտրական հզորություն»,- ասում է փորձագետ Ստեփան Պապիկյանը։

Ստեփան Պապիկյանը, որպես խնդիրների լուծման տարբերակ, խոսում է արևային էներգիայի կայանների մասին․  

«Երկրորդ քայլը, որ կարող են իրականացնել՝ Արցախի գյուղերում՝ գետերի վրա, 20 կիլովատ հզորությամբ հիդրոոգրեգատներ դնելն է․ արդյունքում կստանանք էլեկտրաէներգիա տեղական նշանակության խնդիրները լուծելու համար»,- ասում է փորձագետը։

Պատերազմից հետո Բերձորի միջանցքում իրականացվել են նաև գազամատակարարման, կապը և ինտերնետ հասանելիությունն ապահովող համապատասխան աշխատանքներ։ Արցախում շուրջօրյա ռեժիմով իրականացվում են ներքին ցանցի վերականգման աշխատանքներ, ասում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Թովմասյանը։

«Գազամատակարարման համակարգում խնդիր չունենք։ Այն վայրերում, որտեղ նախկինում գազամատակարարում եղել է, հիմա էլ մատակարարումն արդեն հասանելի է։ Գազաֆիկացման աշխատանքներ իրականացվում են նախկինում չգազաֆիկացված շրջաններում»,- ասում է Արմեն Թովմասյանը։

Բջջային կապն ու ինտերնետը Արցախում վերականգնված են, խնդիրներ կան միայն Մարտակերտի շրջանում։ «Արցախ կապ» և «Ղարաբաղ տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունները աշխատում են, որ Մարտակերտում ևս ինտերնետը հասանելի լինի։  

Կարդացեք նաև

Back to top button