
Արմավիր քաղաքի նախկին գիշերօթիկ դպրոցում է ապրում Միքայել Միրզոյանի բազմանդամ ընտանիքը: Պատերազմից հետո բազմանդամ ընտաիքը մի քանի կեցավայր փոխելուց հետո այստեղ վերջապես միասին են: Մի ննջասենյակում ապրում է կնոջ ու 7 երեխայի հետ, որից 4 անչափահաս:
63-ամյա Միքայել Միրզոյանն արդեն 2 անգամ կորցրել է իր տունն ու բնակավայրը: Ծնունդով Գանձակից է: Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ բռնի տեղահանվել էր, ունեցվածքը թողել ադրբեջանցիներին: Հեռու չէր գնացել, մի քանի տարի ապրել էր Վարդենիսում, մասնակցել պատերազմին, ապա տուն ու տեղ դրել Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում, նորից թողել թշնամուն ու դուրս եկել:
Միքայելն ասում է սա ճակատագրի հեգնանք է. «Ոչ մեկի հավատը չէր գալի, որ Քարվաճառը հենց-ընենց կվեկալեն ու կտան, առանց ոչ մի բանի:Եթե 100 տարի էլ պատերազմը գնար, Քարվաճառը հնարավոր չէր, էլի, հանձնելը, դիրքերը էն ձև էր, կպահվեր»:
Երկու տուն է ունեցել, հողագործությամբ զբաղվել, անտառի բարիքներից օգտվել, աշխատել ու կերակրել ընտանիքը:
«22 տարի էնտեղ բնակվել եմ, Ճամփի կողքն եմ մի հատ տուն ստացել պետության կողմից, որ 2-րդ երեխես ծնվեց Արկադի Ղուկասյանի կողմից, էն ժամանակ նախագահն էր Ղարաբաղի, մի հատ մեծ տուն սարքեց, նվիրատվություն արեց մեզ»:
Միքայել Միրզոյանը 12 երեխա է ունեցել: Ավագ որդին 3 տարի առաջ 25 տարեկանում մահացել է, 4 դուստրերն ամուսնացել են: Ընտանիքում հիմա 7 զավակ ունեն՝ մեծը 24 տարեկան, փոքրը՝ 10: Պատերազմի առաջին օրը Միքայելը ընտանիքին տեղափոխել է Երևան: Ասում է 9 հոգով տեղավորվել են մի «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի մեջ ու փախել:
«Դե, որ առավոտը հելա, տենամ՝ գյուղի դեմն են խփում, քրոջս ավտոն մեր դուռն էր, երեխեքին հավաքեցի մի ձև, էդ ավտոյով բերի Երևան»:
44-օրյա պատերազմի ընթացքում մեկ անգամ է եղել իր տանը, որտեղ զորամասի պայթյունից հետո զինվորներն էին մնացել: Պատերազմից հետո նույնպես որոշել էր իջնել գյուղ, բայց ճանապարհից որդին հետ էր դարձրել.
«Լսեցի, որ հանձնում են, ասի, գնամ վեշերս հանեմ: Գնացի, որ իջնեմ Քարվաճառ, հասա Վարդենիս, երեխես զանգեց, ասեց մի գնա, մեր զույգ տունն էլ արդեն վառել են վեշը սաղ միջին, մեջը ոչ մի բան չկա»:
Սեպտեմբերի 27-ին տնից դուրս գալիս Միքայելն ու Աիդան՝ կինը, ոչինչ չէին վերցրել, բացի մահացած որդու հուշ-նվերից, որոնք միշտ պահում են աչքի առաջ.
«Էս սրբապատկերները տղաս էր առել»:
Ավագ որդին պայմանագրային զինծառայող էր, հերթապահության ժամանակ կայծակնահարվել էր: 24-ամյա Յուրան էլ է պայմանագրային զինծառայող: Իմ այցելության օրը արձակուրդ էր եկել: Արցախ վերադառնալ չի ուզում.
«Ես 24 տարեկան թամամ չկամ, բայց երկու պատերազմ եմ տեսել, հերիքա, ես էդքանը տենալով, իմ ընտանիքի անդամները էդքանը տենալով, հերիքա»:
Յուրան հոր հետ մտահոգված է իրենց ընտանիքի ճակատագրով, որոշել է թողնել զինվորական աշխատանքը, նոր գործ գտնել Հայաստանում կամ մեկնել Ռուսատան: Իրենց խնամքի տակ դեռ 4 անչափահաս երեխա կա: Հովսեփը 16 տարեկան է, բայց չունի անձնագիր, դպրոց էլ չի գնում: Անձնագիրը ստանալու է Ստեփանակերտից, բայց հիմա հնարավորություն չունեն: Միքայելը Ստեփանակերտում որոշել էր վարձով տուն գտնել, բայց շատ թանկ են, մեկ սենյականոց բնակարանի վարձը հասել է 100 հազար դրամի:
«Նկարվավ, որ գնայինք պասպորտ, պատերազմը սկսվեց: Էդ 83 000 դրամը, 300 000 դրամը որ տալիս են՝ էս երեխու պահով էլ օգտվենք: Հիմա եկել ենք Հայաստան, դիմում ենք, ասում են՝ պիտի գնա Ստեփանակերտ: Էս էրեխին ղրկեմ գնա Ստեփանակերտ մեն-մենա՞կ: Ոչ Ստեփանակերտ բարեկամ ունենք, ոչ էլ, որ ղրկեմ»:

Եղեգնուտը գտնվել է Ադրբեջանի սահմանին, 22 տարի ապրել են սահմանամերձ գյուղում: 2 պատերազմ տեսել, այլևս չեն ցանկանում ապրել սահմանին.
«Երկու անգամ թողել եմ էս եղած-չեղածը փախել: Էլ ինձ էդքան կյանք կունենամ, որ նորից ստեղծեմ, հնարավո՞ր ա»:
Բազմանդամ ընտանիքի հայրը մի խնդրանք ունի, հովանավորներ գտնվեն ու իր բազմանդամ ընտանիքը տնով ապահովեն:










