ԿարևորՀասարակություն

«Նռան գույնը» 911-ում․ հոլովակ կոդերի՞, թե՞ արվեստի մասին

Բնականի, իրականի և այլաբանականի միահյուսված համակարգ է  Փարաջանովի «Նռան գույնը» կինոպոեմը։ Կինեմատոգրաֆին բնորոշ է բանաստեղծական տարրերի, կադրերի, սյուժետային իրավիճակների կրկնելիությունը։ Ռեժիսորի ճաշակը, զանազան նախասիրությունները, արտասովոր վերաբերմունքն իրերի հանդեպ կազմում են պատկերային համակարգ, որի հաճախակի հանդիպող տարրերից են ժապավեններն ու ժանյակները, սափորներն ու սկուտեղները, ձկները, ծովախեցիները, ձիերը, և վերջապես նուռը: Սակայն կրկնվող տարրերի մեջ առանձահատուկ տեղ են զբաղեցնում եկեղեցին, գիրքը և գորգը:

«Ֆիլմում ներկայացված է այն հոգևոր միջավայրը, որը ձևավորել է պոետին։ Դա եկեղեցին է, մատենագիր գրքերն ու գորգերը, որոնք ստեղծում են մի տարածություն, որտեղ ապրում է պոետը։ Ուշադրություն դարձնենք գորգերին, որովհետև հայերիս համար գորգը միայն կենցաղային նշանակություն չի ունեցել, այն նաև հոգևոր նշանակություն ունի»,-ասում է կինոգետ Սիրանուշ Գալստյանը։

Փարաջանովի նշանավոր ֆիլմը ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ Նովայի մասին է։ Պոետը Սայաթ Նովան է։ Ֆիլմը պոեմ է՝ պոետի մասին։ 1968 թվականին առաջին ցուցադրության ժամանակ ֆիլմի վերնագիրն է հենց «Սայաթ Նովա»։ Գրաքննության ճնշող ալիքի տակ Փարաջանովը ստիպված էր լրիվ վերամոնտաժել ֆիլմը և փոխել անունը՝ վերնագրելով «Նռան գույնը», որը փարաջանովյան «կինեմատոգրաֆիական գորգի» գերիշխող  գույնն է, այլ կերպ՝ հավերժությունից կորզված որդան կարմիրը։

«Այս ֆիլմի ամեն մի դիտումը մի նոր աշխարհ է բացում դեպի գեղեցիկը, այն գեղեցիկը, որը պաշտում էր Փարաջանովը»,- նշում է կինոգետը։

Սիրանուշ Գալստյանն ասում է, որ ժամանակակից  արվեստի ներկայացուցիչների համար Փարաջանովի «Նռան գույնը» սնվելու հիանալի աղբյուր է։ Դրա վառ օրինակներից է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի «911» երգը, որի տեսահոլովակը նկարահանվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով։ Կինոգետի աչքերով՝ հոլովակն առնվազն անճաշակ է։ Այնուամենայնիվ, այն ունեցավ միլիոնավոր  դիտումներ և դարձավ բուռն քննարկումների առարկա։ Շատերը հոլովակում նկատեցին կոդեր, սիմվոլներ և դրանք կապեցին մի շարք իրադարձությունների հետ։ Ֆեյսբուքում անգամ բացվեց հատուկ խումբ՝ «911» անունով։ Երգի նկատմամբ անտարբեր չմնացին նաև Ադրբեջանում։ Այնտեղ շատերն  ասում էին, որ Գագան երգում է Ադրբեջանի մասին, այստեղ՝ որ երգում է Հայաստանի մասին։ Գագան իր հարցազրույցներում ասում է, որ երգում  է հոգեմետ դեղերի ազդեցությամբ խաթարված հոգեկան առողջության մասին։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին երգը թողարկվել է՝  որպես Գագայի ութերորդ ալբոմի երրորդ սինգլ՝ տեսահոլովակով։ Այն  առաջինը դիտողներից մեկը Գոհար Բալասանյանն էր։ Նա տեսահոլովակում Հայաստանին ուղղված մեսիջներ է տեսնում։

«Անգլերենի մասնագետ եմ և ասեմ, որ ամերիկյան երգեր լսել սիրում եմ ու երբ ամերիկյան երգեր են թողարկվում, միշտ առաջիններից մեկն եմ լինում, ով լսում է բառերը, դիտում հոլովակը։  Երգի վերջում նկատել եմ, որ ասում են ՝ զանգեք 911, իսկ հետո արվում է մեկ այլ արտահայտություն՝ կրկին փորձեք։  Կարծում եմ՝  Հայաստանը ինչի միջով անցել է, երկրորդ անգամ էլ է անցնելու»,- ասում է Գոհարը։

Այն, որ երգը սովորական երգ չէ, կարծում է նաև Աննան․ ոչ թե Սայաթ Նովայի սիրեցյալը, այլ մեր ժամանակների՝ կորոնավիրուսի թվարկության, Գագային ժամանակակից։  Այն, որ երգը որևէ բանով կարող էր կապված լինել 44 օրյա պատերազմի հետ, Աննան համարում էր անհեթեթություն․

«Տեսահոլովակի հանդեպ իմ հետաքրքրությունը սկսվեց համաձայնագիրը ստորագրելու օրը։ Ես շոկ ապրեցի, որ համընկնում էր 09.11-ը 911-ի հետ  և հասկացա, որ սովորական տեսահոլովակ չէ իրականում,  և այն պետք է անպայման ուսումնասիրեմ»,- նշում է Աննան։

10 դիտումն  էլ բավարար չէ տեսահոլովակի խորհրդանիշերը առանձնացնելու համար՝ ասում է Աննան։ Հոլովակի կադրերից մեկում նկատելի է նաև հայերեն տառերով գրված «Զգուշություն» բառը․

«Թերևս սա ամենաակնհայտ  և հասկանալի սիմվոլիկան է, որովհետև երբ թարգմանում ենք, ստանում ենք warning բառը, այսինքն war՝ պատերազմ։ Հետո գլխավոր հերոսուհու` այսինքն Գագայի անունը հոլովակում Ստեֆանի է, ինչը Ստեփանի իգական  անունն է, այսինքն՝ Ստեփանն էլ համընկնում է Ստեփանակերտի հետ»։

Կոդեր, գաղտնիքներ և սիմվոլներ շատերն են գտել Գագայի տեսահոլովակում։ Գագան և նրա ստեղծագործական թիմը դիտել են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, իսկ Գագայի տեսահոլովակը դիտած և  ակտիվ քննարկող մարդկանացից շատերը՝ գուցե ոչ։

Կարդացեք նաև

Back to top button