
2020–ի 8 տոկոս տնտեսական անկումից 2021–ին՝ 3․1 տոկոս աճ․ ՀԲ փորձագետների՝ Հայաստանի տնտեսության համար արված կանխատեսումներն են։ ԱՄՀ–ն այս տարվա համար մոտ 1 տոկոս աճ է կանխատեսում, ֆինանսների նախարարությունը՝ 3,2 տոկոս։ Այս կանխատեսումները, զարգացումներով պայմանավորված, կարող են փոխվել։ Սակայն այս պահին դրանք լավատեսական են՝ 2020-ի 8 տոկոսանոց անկման համեմատությամբ։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյան․«Սա, իհարկե, բավականին վատ ցուցանիշ է, բայց գալիս է նրանից, որ տարին, ընդհանուր առմամբ, բարդ էր։ Այդ անկումը հիմնականում գալիս է տնտեսության համար արտաքին շոկերի ազդեցությունից՝ կորոնավիրուս ու պատերազմ»։
2020–ին Հայաստանի տնտեսությունը երկու մարտահրավեր ուներ՝ համավարակ ու պատերազմ։ Երկու դեպքում էլ պայքարը կյանքի համար էր։ Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա անմիջապես նկատվեց, նույնը չի կարելի ասել պատերազմի մասին։ Տնտեսական անկման ընդհանուր կշռում պատերազմի ազդեցությունը գուցե ավելի փոքր լինի, բայց՝ ավելի երկար զգացնել կտա։
«Ամբողջ տնտեսական անկման մեջ պատերազմի ազդեցությունը կարող է լինել 1 տոկոս, բայց այդ ազդեցությունը կլինի շատ ավելի երկարատև»,-ասում է տնտեսագետը։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանն արձանագրում է՝ Հայաստանի տնտեսությունը ուներ ու դեռ ունի ամրության ու կայունության որոշակի պաշար, որն էլ թույլ է տալիս խուսափել ավելի մեծ անկումից:
«Մենք ունեինք պահուստների որոշակի մեծություն։ Դրամի նկատմամբ կային որոշակի ճնշումներ, բայց այդքան մեծ արժեզրկում տեղի չունեցավ, ինչպես կանխատեսվում էր՝ փլուզում կամ անկում։ Ճիշտ է, արդյունքում արտարժութային պահուստները նվազեցին, բայց դա տրամաբանական է․ դու պահուստ կուտակում ես, որ նման իրավիճակում օգտագործես»։
ՀԲ փորձագետների՝ Հայաստանի՝ 2021–ի տնտեսական աճի կանխատեսումն ավելին է (3․1 տոկոս), քան Ռուսաստանի ՀՆԱ-ի սպասվող աճի տեմպերը: Տարածաշրջանում ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրի համար ՀԲ փորձագետները 2021 թ-ին ակնկալում են 2,6% տնտեսական աճ: Դեկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ տնտեսության վերականգնումը COVID-19-ի հետևանքներից կանխատեսվածից ավելի արագ է ընթանում և 2021–ին 3 տոկոսանոց աճ է ակնկալվում։ Համաշխարհային բանկն այդ կանխատեսումները համարում է չափազանց լավատեսական և ենթադրում է, որ Ռուսաստանը ՀՆԱ-ի 3% աճին միայն կվերադառնա 2022 թվականին:
Հայաստանի համար կանխատեսվող ավելի մեծ աճը պարզաբանում ունի՝ ըստ Հրանտ Միքայելյանի։
«Հայաստանի տնտեսությունն ավելի փոքր ու ճկուն է, և չի բացառվում, որ ավելի բարձր աճ գրանցի։ 2014թ․–ին Հայաստանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցելուց հետո տնտեսության աճը արագացել է տարեկան շուրջ 1․5 տոկոսով։ 2017–2019թթ բարձր տնտեսական աճի մեջ զգալի էր Հայաստան-ՌԴ տնտեսական հարաբերությունների դերը՝ մեքենաների վերավաճառք, այլ ճյուղեր»։

2021-ի տնտեսական աճի կանխատեսումները, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով, վկայում են, որ դեռ վաղ է խոսել նախաճգնաժամային իրավիճակի մասին։ Կայունացման հնարավորություններ, ըստ նրա, կան։ Ամենադժվարը լինելու է առաջին եռամյակը։
«Առաջին երկու–երեք ամիսներին անկում կունենանք, ապրիլից սկսած՝ աճ։ Թե որքան, չեմ կարող ասել, քանի որ բազմաթիվ գործոններով է պայմանավորված»։
Աշխարհում կորոնավիրուսի համավարակը ազդել է գրեթե բոլոր տնտեսությունների վրա։ Հենց սրանով պայմանավորված՝ 2021-ի կանխատեսումները բոլոր երկրների համար համեստ են, երբեմն՝ վատատեսական, ինչպես օրինակ Բելառուսի դեպքում է․ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2021 թվականին այս երկիրը կդառնա տարածաշրջանում միակ երկիրը, որը ՀՆԱ-ի անկում կգրանցի՝ 2,7%: Եթե տարածաշրջանում ՀՆԱ-ի աճի ցածր տեմպերի պատճառը հիմնականում համաճարակի հետևանքներն են ու ներքին պահանջարկի անկումը, ապա Բելառուսի տնտեսությունը, ըստ փորձագետների, կրում է նաև շարունակվող քաղաքական անկայունության ազդեցությունը:
Համեմատաբար արագ կվերականգնվեն Ուզբեկստանի (4,3%՝ 2021 թ-ին և 4,5%՝ 2022-ին), Ղրղըզստանի (3,8%՝ 2021 թվականին և 4,5%՝ 2022-ին), Վրաստանի (4%՝ 2021 թ.-ին և 6%՝ 2022-ին) և Տաջիկստանի (3.5%՝ 2021-ին և 5.5%՝ 2022-ին) տնտեսությունները: Այս երկրներում, ինչպես նաև Մոլդովայում (3,8%), ՀՆԱ-ի աճի տեմպերը հաջորդ երկու տարում կգերազանցեն Ռուսաստանի ցուցանիշերը: Թուրքիան կգրանցի տարածաշրջանի առավել արագ տնտեսական աճը, ինչը կխթանի աճը նաև Ադրբեջանում. 2022 թվականին այն կարող է հասնել ՀՆԱ-ի 4,5% աճի, սակայն 2021 թ.-ին, Համաշխարհային բանկի գնահատմամբ, Ադրբեջանի տնտեսական վերականգնման տեմպերը դեռ կմնան համեմատաբար ցածր՝ ՀՆԱ-ի 1,9% -ի չափով:
Բոլոր վատատեսական կանխատեսումները շարունակում է շրջանցել Չինաստանը։ Մեկ այլ փաստաթղթի՝ Մեծ Բրիտանիայի Տնտեսական և գործարար հետազոտությունների կենտրոնի (CEBR) զեկույցի հեղինակները կարծում են, որ Չինաստանը 2028 թվականին, նախատեսվածից 5 տարի շուտ, կշրջանցի ամերիկյանին և կդառնա աշխարհի առաջատար տնտեսությունը։ Չնայած հանգամանքին, որ Չինաստանն առաջին էր հայտնվել COVID-19-ի հարվածի տակ, համավարակն այնտեղ հնարավոր եղավ առնել վերահսկողության տակ՝ շնորհիվ արագ և խիստ մեթոդների։ Չինաստանում չեղան այնպիսի լրացուցիչ լոքդաուններ, որոնք պարալիզացրեցին Եվրոպան և մեծ վնաս հասցրին տնտեսությանը։ Արդյունքում՝ Չինաստանը ընթացիկ տարվա ընթացքում կարողացավ խուսափել տնտեսական անկումից և նույնիսկ 2% աճ գրանցեց։




