ԿարևորՀասարակություն

Դատարանը ոչ իշխանությանն է, ոչ էլ ընդդիմությանը

 «Չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության ցանկությունները, չկան դատավորներ, որոնք կատարում են ընդդիմության ցանկությունները, չկան դատավորներ, որոնք ղեկավարվում են հանրային կամ հանրահավաքային ազդեցությամբ»։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վստահ համոզմունքն է։

«Ինչո՞ւ եմ ասում՝ վստահաբար եմ ասում չկան, որովհետև չունենք նման վարույթ։ Եթե նման դատավորներ լինեն, ապա կլինի կա՛մ կարգապահական վարույթ, կա՛մ քրեական գործ կհարուցվի այդ դատավորի նկատմամբ»։

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հնչեցված այս մտքի առիթը Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն էր․ Նա օրերս անդրադարձել էր դատավորների կողմից վերջին շրջանում միջնորդությունների մերժմանը, հայտարարելով, որ դատական իշխանությունն աջակցում է պետական ահաբեկչությանը։

«Ես չգիտեմ աշխարհի մեկ այլ երկիր, որտեղ դատական իշխանությունը անթաքույց կպաշտպանի պետական ահաբեկչությունը։ Ոչ միայն կպաշտպանի, այլև իր որոշումներով կանաչ լույս կվառի պետական ահաբեկչություն ծրագրավորողների համար։ Հայաստանում դատական իշխանությունը աջակցում է նոր դեկտեմբերի 27 նոր պետական ահաբեկչության հնարավորություն»։

Վարդազարյանը հորդորեց պատգամավորին բավարար հիմքերի առկայության պարագայում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, ևս մեկ անգամ հիշեցրեց հոկտեմբերի 15–ի իր գրառում–կոչը՝ ուղղված գործընկերներին․

«Խնդրել եմ, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումներից, նախազգուշացրել եմ, որ եթե ես տեսնել, որ որևէ դատավոր տուրք է տալիս այդ ճնշումներին կամ քաղաքական որոշում է կայացնում, ես ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին»։

ԲԴԽ–ի նախագահը կարծում է, որ իր ապաքաղաքականացված լինելու մասին և այդպիսին լինել հորդորող հայտարարությանն անգամ քաղաքական բնույթ է տրվել։

«Դեռ մինչև ԲԴԽ–ում աշխատելը, հանդիսանալով Երևանի դատարանի նախագահ, բազմաթիվ անգամ ասել եմ, որ փողոցային, հանրահավաքային արդարադատությանը դեմ եմ, որ չի կարելի մամուլի հրապարակումներով, սոցցանցերում ստատուս գրելով կամ  դատարանների առաջ հանրահավաք կազմակերպելով՝ դատարանի նկատմամբ ճնշում գործադրել»։

Գրառումը ասուլիսի ողջ ընթացքում շարունակեց մնալ ուշադրության կենտրոնում։ Ֆեյսբուքում շարադրված մտքերը օրեր անց բանավոր կերպով պարզաբանելու պրակտիկան շարունակում է ակտուալ մնալ։

Վարազդատյանը գրել էր․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

ԲԴԽ նախագահն այսօր մեկնաբանեց նոյեմբերի 15-ի իր գրառումը։

 «Պատահական չէր, որ ես օգտագործեցի այն արտահայտությունը, որն օգտագործել էր վարչապետը մեկուկես տարի առաջ։ Վարչապետը այդ բառակապակցությունը օգտագործել էր հետևյալ կերպ՝ պատերի տակ վնգստացող դատավորներ, որոնք տերեր են փնտրում։ Ես շատ կուզեմ, որ գոնե 1.5 տարի հետո ՀՀ դատական իշխանությունն ունենա «վնգստացող դատավորների թիվը=0–ի»»։

Թվերը ասօրվա ասուլիսի առանցքն էին։ 2020–ի արածն ու չարածը թիվ դարձնելով՝ Վարդազարյանը ներկայացրեց․

Այս տարի ԲԴԽ–ն անցկացրել է 84 նիստ, նշանակել 20 դատավոր։ ԲԴԽ է ներկայացվել շուրջ 2 տասնյակ  դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ 10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին տրվել է նախազգուշացում, 3-ին էլ ՝ խիստ նկատողություն։  2 դատավորի լիազորություններ դադարեցվել են:

Կարդացեք նաև

Back to top button