Մեր հասարակությունը պատրաստ չէր ոչ կորոնավիրուսին, ոչ էլ պատերազմին, թեպետ, ինչպես նշում է հոգեբանը, նախապատրաստական աշխատանքներ պետք էր տանել մինչև վարակի և պատերազմի սկսվելը: Երբ մեր հասարակությունը բախվում է այս կամ այն խնդրին, վերջին մի քանի հազարամյակի ընթացքում անընդհատ ունենում ենք նույն պատկերը։
«Մենք համախմբում ենք ինչ-որ խնդրի շուրջը, բայց բացարձակ պատկերացում չունենք, թե այդ խնդրիը ինչպես պետք է լուծենք, ոչ էլ հաշվի ենք առնում ապագայի ռիսկերը»,-ասում է հոգեբան Անի Ենգիբարյանը։
Պատճառը թերևս մեկն է՝ գաղափարախոսության պակասը։ Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանն ասում է, որ մեր խնդիրն այն է, որ սխալներից չենք սիրում սովորել․
«2018 թվականին հեղափոխություն էինք անում Սերժը չլինի ով ուզում է լինի, հիմա նույն բանն է գրեթե տեղի ունենում, ուղղակի Նիկոլը չլինի, ով ուզում է լինի սկզբունքով։ Այսինքն, գաղափարախոսությունը բացակայում է և դա մեր ազգային թուլությունն է, որը կառուցել ենք էմոցիաների և անձնային հերոսությունների ու իռացիոնալ ձգտումների հիման վրա։ Եթե անգամ վերցնենք մեր էպոսը՝ հերոսներ են խենթ ու խելաr, քաջ, բայց համակարգ որպես այդպիսին գոյություն չունի»։
Մարդկության պատմությունը պատերազմների պատմությունն է, իսկ պատերազմում պարտվելը բոլորովին էլ խարան չէ։ Ընդհակառակը, սխալները ուղղելու նոր հնարավորություն, ասում է պատմաբան Գուրգեն Մուրադյանը։ Եղել են բազմաթիվ պետություններ, որոնք ձախողել են պատերազմն ու անհետացել պատմության թատերաբեմից, սակայն հակառակ գործընթացներն էլ պակաս չեն․
«Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի և Ճապոնիայի դեպքերը յուրօրինակ են։ Այս երկրները մի քանի տասնամյակում կարողացան ստեղծել հզոր տնտեսություն, յուրօրինակ կրթական համակարգ և դառնալ աշխարհի ամենագրավիչ պետությունները»։
Կարծում եմ` բոլորիս կյանքում եղել են դեպքեր, երբ ծնողները նախատել են դպրոցում ցածր կամ անբավարար գնահատական ստանալու համար։ Դրանք ենթագիտակցորեն եղել են մեր կյանքի առաջին պարտությունները, բայց բոլորս էլ ի վերջո դպրոցն ավարտել ենք։ Հարցի մյուս կողմն է, թե ինչպես։ Ի վերջո, ի՞նչ է պետք անել, որտեղ է բանալին՝ հետպատերազմյան Հայաստանը վերականգնման տանելու համար։
«Պետք է կենտրոնացում տանել կրթությանը, մեզ համար առաջնային կարևորության դաշտը հենց դա պետք է լինի, երեխային դեռ դպրոցից պետք է սովորեցնել հաղթելու և պարտվելու տարբերությունը և սովորեցնենք, թե ինչպե՞ս ինքը գնահատի այդ երկուսի ռիսկերը»,-նշում է Անի Ենգիբարյանը։
Բազմաթիվ են դեպքերը, երբ պատերազմներում պարտված պետությունները հաջողել են ապագայում պետական ճիշտ քաղաքականության շնորհիվ։
«Պետք է շեշտը դնել գիտելիքահեն հասարակություն ստեղծելու վրա, որովհետև համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ այն պետությունները, որոնք կարողանում են պետությունը և սեփական հասարակությունը կառուցարկել կրթական արժեհամակարգերի վրա՝ հաջողում են,-ասում է Գուրգեն Մուրադյանը»։
Արդյո՞ք Հայաստանն ապրում է 21-րդ դարի մտածողությամբ, արդյո՞ք Հայաստանը գիտակցում է գիտությունների գիտության, արվեստների արվեստի՝ փիլիսոփայության բացակայությունն իր ներսում, և ի վերջո ի՞նչ անել, փիլիսոփա Արման Ղարագուլյանն ասում է․
«Եթե 21-րդ դարի պետություն ենք ուզում դառնալ, պետք է մեզ 21-րդ դարի մտածողություն։ Թվում է ծեծված է, բայց էլի ու էլի հիմքում կրթությունն է, որովհետև մտածողությունը կարելի է փոխել միայն կրթության միջոցով, իսկ կրթությունը կարճատև արդյունքներ չի տալիս։ Պետք է ներդրումներ անել, որոնք հնարավոր է 20-30 տարի հետո նոր տեսնել»։
Սրանից 20-30 տարի առաջ ներդրումներ չեն արվել, շոշափելի ապացույցը ՝ վերջին պատերազմում գրանցած արդյունքն է։ Այժմ սխալները ուղղելու հնարավորություն դեռ ունենք։




