ԿարևորՀասարակություն

Օքսիտանիայի շրջանային խորհուրդը բանաձև է ընդունել՝ հաջակցություն արցախցիների

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Օքսիտանիայի շրջանային խորհրդի բանաձևը՝ հաջակցություն Արցախի հայերի:

«Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը իր պատմության ընթացքում եղել է դառը վիճարկությունների առարկա: Այս անկլավի հայերը տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել իրենց անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքով սահմանված և ամրագրված՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի:Ղարաբաղյան հակամարտությունը կրկին բռնկվեց սույն թվականի հուլիսին, որին հաջորդեցին սեպտեմբերին սկիզբ առած ուժգին բախումները:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց մի քանի շաբաթ տևած զինված բախումների, որոնց ընթացքում թիրախավորվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու խաղաղ բնակչությունը: Չնայած իր գործադրած ջանքերին, ֆրանսիական դիվանագիտության որդեգրած չեզոքության ռազմավարությունը տապալվեց դեպքերի բերումով:

Քաղաքացիական անձանց ռմբակոծումը, այս տարածքից բնակչությանը վերացնելու բացահայտ ցանկությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) սահմաններից անդին Հայաստանի դեմ հարձակումը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, հարևան Թուրքիայի ռազմատենչ ազդեցությունը և այս անկայուն տարածաշրջանում հակամարտության ընդլայնման ռիսկերը հակասում են ԵԱՀԿ-ի ներքո և Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող Մինսկի խմբի որդեգրած խաղաղ կարգավորման ուղուն:Այս հակասությունը եզրահանգեց նոյեմբերի 10-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքված համաձայնագրին, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասի զիջումը և կցումը Ադրբեջանին։ Սա հանգեցնում է հայերի վտարմանը մի տարածքից, որտեղ նրանք միշտ են բնակվել:

Կանխարգելելու փոխարեն՝ չեզոքությունն անգամ տեղի տվեց անընդունելի բռնությունների և տառապանքների: Օքսիտանիայի շրջանի բնակիչները լավ գիտեն, թե որոնք են զինված ուժերով, մարտերով, բռնությամբ, էքսպանսիոնիստական և ծայրահեղական գաղափարախոսություններով պայմանավորված հարկադրական արտաքսման պատճառած տառապանքները, քանզի մեր շրջանը իր պատմության ընթացքում միշտապես եղել է գաղթականներին ապաստանող տարածք: 

Որպեսզի Օքսիտանիա շրջանը կարողանա իր կողմից համագործակցության և ֆինանսավորման միջոցով ցույցաբերել այս բնակչության համար խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգրքի Լ.1115-1 հոդվածի դրույթների համաձայն, Կառավարությունը պետք է վերացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ սահմանած արգելքը, և քայլեր ձեռնարկի Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ: 

Վերոնշյալից ելնելով՝ Օքսիտանիայի շրջանային խորհուրդը իր լիագումար նիստին․

  • արտահայտում է իր բարեկամությունն ու աջակցությունը Արցախի հայերին.
  • խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը՝ գործադրել դիվանագիտական և մարդասիրական ջանքեր.
  • հայցում է Ֆրանսիայի կառավարությունից՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը.
  • դիմում է Ֆրանսիայի կառավարությանը վերացնել Արցախի հետ կապեր ունենալու հարցում տեղական ինքնակառավարման մարմինների առջև դրված արգելքը և այդպիսով թույլ տալ վերջիններին համագործակցել, մասնավորապես, մարդասիրական օգնության և ֆինանսական աջակցության տրամադրման համատեքստում»:
https://www.facebook.com/ambassadearmenie/posts/3655635841165820

Կարդացեք նաև

Back to top button