
Պատերազմը և համավարակը դրամի վրա ազդեցին՝ դեռևս 8–10% արժեզրկելով ազգային արժույթը։ Ներկա իրողություններում շարունակել ապրել մինչպատերազմական շրջանում գրված 2021-ի բյուջեով, տնտեսագետները ճիշտ չեն համարում։
Ահազանգում են առաջնային արագ քայլերի անհրաժեշտության մասին՝ տնտեսական լուրջ ճգնաժամի չհասնելու համար ու նաև բացահայտում են, թե ներքաղաքական պայքարի ինչպիսի լծակն է արժեզրկում դրամը։
Պատերազմի հասցրած վնասի չափը․ սա այն անհրաժեշտ թիվն է, որը տնտեսագետներին պետք է իմանալ՝ հասկանալու հետագա աշխատանքի ճիշտ ուղղությունը։ Մինչ այս պահը անգամ մոտավոր թիվ չկա, թե ինչ վնասների մասին կարող է խոսք լինել։ Փոխարենն ունենք հաջորդ տարվա իներցիոն բյուջե, որը մշակվել էր մինչև պատերազմը։
Կտրուկ, անսովոր և անգամ ոչ պոպուլյար քայլերի անհրաժեշտության մասին են խոսում տնտեսագետ Հայկազ Ֆանյանը և «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
Հայկազ Ֆանյան . «Ինչքանով ես եմ տեղյակ, չի հրապարակվում տվյալներ, թե Հայաստանի բանկային համակարգի խաղացողներն ինչքան ակտիվներ ունեն ԼՂ տարածքում։ Պետք է իմանանք նաև, որ Արցախի ապրանքները Հայաստանից արտահանվում էին որպես «հայկական ծագման» շատ դեպքերում և երբ խոսվում է 2.5–2.6 միլիարդ ապրանքային արտահանման մասին, մենք պետք է պատկերացնենք, որ դրա մի մասը հենց ԼՂ–ից է իրականացվել։ Մասնավորապես, խոսքը Դրմբոնի մետաղական հանքի արտադրանքի արտահանման մասին է»։
Տիգրան Ջրբաշյան . «Արագ ինվենտարիզացիա անել, հասկանալ` ինչ է իրավիճակը, ինչ ենք կորցրել, այդ կորուստները ինչպիսի ազդեցություններ են ունենալու արտահանման վրա, գյուղատնտեսության վրա, ֆինանսական, սոցիալական համակարգերի վրա։ Կարծում եմ, մենք արդեն ուշացել ենք այդ ինվենտարիզացիան անելու հետ կապված։ Մենք պետք է հասկանանք, որ եռամյա, միջնաժամկետ ծրագիրը պետք է դրվի մի կողմ և պետք է հասկանանք, որ պետք է սկսենք լրիվ նոր իրավիճակից։ Այս ամեն ինչի հիմքում պետք է լինի գաղափար»։
Տնտեսագետները տարբեր քայլերի անհրաժեշտություն են տեսնում տնտեսական լուրջ ճգնաժամի չհասնելու համար։ Այս պահին համեմատաբար գոհ են միայն ԿԲ–ի կողմից ձեռնարկվող քայլերից, որոնք, կրկին համեմատաբար, նորարարական են։ Բայց քայլերը մոտավորապես մեկ շաբաթ ուշացած են համարում։ Եթե լինեին կանխարգելիչ, ոչ թե պոստֆակտում, դրամի արժեզրկման պատկերը կարող էր այլ լինել։ Տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի համար անակնկալ էր այս պայմաններում դրամի դիրքը․
«Ընդհանուր շոկային իրավիճակի ֆոնին ես նույնիսկ զարմացած եմ, որ հայկական դրամը և մեր դրամական համակարգը այսքան կենսունակ է և կարելի է ասել արժեզրկման նույն վարքագիծն է դրսևորում, ինչ որ շատ ու շատ երկրներ»։
Ազգային արժույթների վարքագծի վրա աշխարհում ազդել է միայն կորոնավիրուսի համավարակը։ Մեր պագարայում դրան գումարվում է նաև պատերազմը և քաղաքական ոչ կայուն իրավիճակը։ «Հայկական դրամին» և Հայաստանում մնացած թերևս միակ կայուն՝ ֆինանսական ոլորտին դեռևս փրկում են համակարգում տարիներ շարունակ ներդրվող «անվտանգային բարձիկները», ինչպես արտահայտվում են տնտեսագետները։ Այժմ «մաշեցնում» ենք հենց այդ բարձիկները, դեռևս առանց հետագա զարգացումների։ Ատոմ Մարգարյան․

«Պետք է մեր տնտեսական քաղաքականության գաղափարախոսությունը փոխվի։ Ես պարոն Ջրբաշյանի հետ համաձայն եմ, պետք է լինի մոբիլիզացիոն տիպի, բարձր տեխնոլոգիական դիվերսիֆիկացված տնտեսություն։ Այս ռիկսերը, մարտահրավերները մոտավորապես նույնն են, ինչին Իսրայելն էր ժամանակին դիմագրվել և մի քանի տասնամյակների ընթացքում դարձել աշխարհի ամենազարգացած, մրցունակ, պաշտպանունակ և արտահանումների տեսակետից ամենաագրեսիվ պետություններից մեկը։ Մեր դժբախտությունների պառճառներից մեկն էլ հենց այդ երկիրն է՝ իր բարձր տեխնոլոգիական, ռազմական տեխնիկան և տեխնոլոգիաներն են կիրառվել։ Մենք կարող ենք, կարծում եմ, ավելի մրցունակը ստեղծել։ Դրա համար պետք է քաղաքականություն, քաղաքական կամք, ինտիտուցիոնալ լուրջ տրանսֆորմացիա»։
Տնտեսության և դրամի անկման օբյեկտիվ պատճառների կողքին տնտեսագետները նշում են նաև սուբյեկտիվ այն գործոնը, որը լրացուցիչ անկայություն է մտցնում դրամի 8–10% արժեզրկման վարքագծում։ Դա ներքաղաքական պայքարն է։ Նույն խնդրի մասին խոսում են տարբեր տնտեսագետներ՝ Վահագն Խաչատրյանը, Ատոմ Մարգարյանը և Հայկազ Ֆանյանը։
Վահագն Խաչատրյան . «Ովքեր բանկային համակարգի հետ որոշակի առնչություն ունեն, տեղյակ են՝ այս անորոշությունների հետ կապված որոշակի գումարներ են դուրս հանել։ Մի քանի խոշոր ընկերություններ, մի քանի բանկերից, տարբեր առիթոներով, տարբեր երկրներում ներդրումներ անելու ցանկությամբ գումարներ են դուրս հանել։ Ինչը այդ շուկայում որոշակի աժիոտաժ է առաջացրել»։
Ատոմ Մարգարյան . «Կապիտալի արտահոսք, այո, վերջին շաբաթներում եղել է։ Այո, խոշոր խաղացողները ի վիճակի են շատ արագ, հաշված օրերի ընթացքում դեստաբիլիզացնել Հայաստանի ֆինանսական շուկան, պարզապես փլուզել դրամը, եթե համարժեք գործողություններ չլինեն։ Գաղտնիք չէ, որ այսօր իշխանության ձգտում են խոշոր կապիտալի տերերը։ Ես ուղղակի պարզ ու բաց ասեմ՝ հնարավոր են ռիսկեր նաև այդ հատվածից` շուկաները դեստաբիլիզացնելու»։
Հայկազ Ֆանյան . «Այսպես ասեմ՝ նախադրյալներ կան, որ լինելու է դրամի արժեզրկում, սակայն ոչ այս ծավալի։ Ինչ միջակայքում և ինչքան կպահպանվի կախված են խոշոր խաղացողների վարքագծից։ Իրենք, ըստ էության, այս պահին ներքաղաքական իրավիճակում մեծ հաշվով նաև հանդիսանում են շահագրգիռ կողմ և իրենց վարքագծով կարող են էական փոփոխություններ առաջացնել նաև դրամի շուկայում»։
Անվտանգային խնդիրներին տնտեսականը չավելացնելու համար տնտեսագետները առաջնային են համարում քաղաքական անորոշությունների վերացումն ու կայունության հաստատումը։




