ԿարևորՀասարակություն

Բանակից` ՏՏ ոլորտ․ պատերազմի մասնակից տղաների ապագա մասնագիտությունները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը, որը Արցախյան պատերազմի մասնակիցների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, նրանց ընտանիքի անդամների, նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամների համար է։ Նպատակը կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում լուծելն է:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միութան ծրագրերի համակարգող Ասյա Սեփխանյան․

«Այս ծրագիրը սկսել ենք դեռ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո։ Նմանատիպ նախագծի գաղափարը ծնվեց այն պահին, երբ իմացանք, որ պատերազմում կռված տղաները վերադարձել են և աշխատանք չունենալու պատճառով շատերը մեկնում են ՌԴ կամ այլ երկրներ և սա մեզ ստիպեց, որպեսզի մշակենք ծրագիր ու իրականացնենք վերապատրաստումներ՝ տղաների զբաղվածությունն ապահովելու համար»։

Ապրիլյան պատերազմի մասնակից շատ տղաներ տարբեր IT ընկերություններում փորձաշրջաններ անցան և ի վերջո տեղավորվեցին աշխատանքի։ Այսօր  Հայաստանը կրկին հետպատերազմյան է, պատերազմի մասնակից տղաների թիվ մեկ խնդիրը նույնն է՝ չկա աշխատանք կամ առնվազն բարձր վարձատրվող աշխատանք։  Ասյա Սեփխանյանը նշում է, որ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից հետո մեկնարկած  պիլոտային ծրագիրն իր մեջ ներառում էր միայն ռոբոտաշինություն և վեբ տեխնոլոգիաներ, այս պատերազմն իր մասշտաբներով թելադրում է այլ կանոններ, իրենք էլ հետևում են դրանց՝ լայնացնելով մասնագիտույթունների շրջանակը․

«Հիմնական ուղղություններն անելու ենք հետևյալ մասնագիտացումներով՝ ծրագրավորման հիմունքներ, կիբեռանվտանգություն, նախագծերի կառավարում, տվյալների վերլուծություն, դիզայն, սոցիալական մարքեթինգ  և այլն»։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության  կողմից  իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում նշեց, որ սերտորեն համագործակցում են ԱՏՁՄ-ի հետ։ Քննարկումների արդյունքում  որոշել են «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը միացնել գերատեսչության առկա կրթական ծրագրին․

«Պատերազմին մասնակցած տղաների համար հիմա շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մասնագիտություն են ուզում ձեռք բերել, որ ոլորտում են ուզում աշխատել, և ես կարող եմ ասել, որ բարձր տեխնոլոգիաների մեջ կան ահռելի հնարավորություններ, որոնք թույլ կտան այդ տղաներին հասնել իրենց նպատակներին»։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի համակարգողը նշում է, որ կրթական ծրագիրն ունի և՛ տնտեսական, և՛ սոցիալական բաղադրիչ։  Տեխնոլոգիական շուկան այսօր լայն հնարավորություններ է տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են կրթվել, զարգացնել իրենց հմտությունները և փորձել սեփական ուժերն այդ ոլորտում։   Հետպատերազմյան Հայաստանում ակտիվորեն պետք է լուծել  այս ոլորտում նոր մասնագետների ներգրավման խնդիրը․

«Պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք կրթության խնդիր և բանակն էլ կրթության պատճառով վերափոխման չի ենթարկվել, նկատի ունեմ՝ տեխնիկական վերազինման չէր ենթարկվել և հենց դա էլ տարավ մեզ պարտության ճանապարհով»։

Հաղթանակի ճանապարհին առաջին քայլերը սկսում ենք դնել հիմա՝ հաղթանակի դրոշի շուրջ, որոշ ժամանակ անց այդ նույն ճանապարհի ավարտին հավաքվելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button