
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հեռագրում Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել նորընտիր նախագահին և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության և կայունության համար, կարող են, չնայած իրենց տարաձայնություններին, իսկապես նպաստել աշխարհի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ հաշվի առնելով այդ, ռուս-ամերիկյան համագործակցությունը, որը հիմնված է հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, կհամապատասխանի երկու երկրների ժողովուրդների և միջազգային հանրության շահերին:
«Պատրաստ եմ Ձեզ հետ փոխգործակցության և շփման», — շեշտել է ՌԴ ղեկավարը:




