
Առաջիկայում Հայաստանում սպասում են գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։
Հայաստանի վարչապետը չի բացառում, որ անհետ կորածների մի մասը գերեվարված է․ «Սա նույնպես շատ բարդ գործընթաց է։ Այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավել ևս գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը։
Նոր թափով պետք է տեղի ունենան անհետ կորածների մարմինների որոնման աշխատանքները, չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը։ Ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, սակայն մինչև տարեվերջ չենք կարողանա այն ավարտին հասցնել»։
Օրերս Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց երեք քաղաքացիական անձանց։ Նրանք գերեվարվել էին Շուշիից, Ասկերանից ու Հադրութից։ Նրանցից մեկը 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է, ադրբեջանական կողմը ավելի վաղ ծերունուն նվաստացնող տեսանյութ էր տարածել։ Կույր մարդը պարզապես չէր հասցրել հեռանալ Շուշիից և Ադրբեջանի հսկողության տակ էր մնացել իր քաղաքի հետ միասին։
«Վերջին տվյալներով 65 գործով ՄԻԵԴ հայց է ներկայացված, նրանցից 8-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագերիներ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ու նշում, որ 57 գործի առնչությամբ անհապաղ միջոցներ են կիրառվել․
«Եղել է նաև վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 11 և 14, որի շրջանակում պետք է դատարանին տեղեկատվություն տրամադրվեր։ Դատարանից դեռևս պատասխան չենք ստացել։ Հաշվի առնելով, որ եղել են ոչ աշխատանքային օրեր, այս պահին չենք կարող պնդել, որ Ադրբեջանը տեղեկատվություն չի տրամադրել։ Ընդամենը կսպասենք մի քանի ժամ ու օր, հետևություն կարող ենք անել, որ դատարանի հետ պատշաճ չի համագործակցել, դատարանի համար անհրաժեշտ տեղեկատվությունը դեռևս տրամադրված չէ։

Նույնիսկ եթե Ադրբեջանը հայ գերիների մասով տեղեկատվություն է տրամադրում, ապա դրանք ամբողջական չեն, այլ՝ հատվածական, ասում է Սիրանուշ Սահակյանն ու նշում, որ կցկտուր է տեղեկատվությունը հայ գերիների պահման պայմանների ու պետության կողմից տրամադրվող հումանիտար պարտավորությունների իրականացման վերաբերյալ։
«Ինչը թույլ է տալիս մտածելու, որ Ադրբեջանի կողմից չեն պահպանվում հումանիտար իրավունքի նորմերը, այլապես վերջիններս մեծ ուրախությամբ դրանք կփաստաթղթավորեին ու կհրամցնեին միջազգային հանրությանը՝ իրենց դեմքը փրկելու համար»։
Համացանցում տարածված նոր տեսանյութերին ծանոթ են, հարազատները ճանաչել են, նույնականացրել։ Իրավապաշտպանն ասում է, որ մինչ այժմ ուսումնասիրված տեսանյութերում գերեվարման նոր դեպքեր չեն արձանագրել, դրանք ավելի վաղ ժամանակահատվածում կատարված տեսանյութեր են, պարզապես նոր են հրապարակվում և արտացոլում են հոկտեմբեր- նոյեմբեր ամիսների գերեվարման դեպքերը։
Ամեն օր իրավապաշտպանները փաստեր են հավաքում, փաթեթներ կազմում ու դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Թվերն անհամեմատ մեծ են, յուրաքանչյուր պահի նոր տեղեկատվություն ենք ստանում, որոնք վկայում են գերեվարումների մասին։ Դուրս բերված թվեր ունենք, սակայն այս պահին զերծ կմնամ դրանք հրապարակելուց։ Կարող եմ ասել մեր կողմից վարվող գործերում, որտեղ մենք ունենք բավարար ապացուցողական բազա գերեվարումը հաստատելու վերաբերյալ, արդեն մոտենում է 7 տասնյակի»։
Հայ գերիների վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկվող միջանկյալ միջոցի կիրառման դիմումներով հայկական կողմն ակնկալում է ստանալ մի քանի հարցերի պատասխաններ՝ հաստատում գերի լինելու վարկածի վերաբերյալ, բժշկական օգնություն մարդը ստացել է, թե` ոչ, փոխանակման հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն։




