
Իշխանափոխությանն ուղղված քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկ մինչ այս պահը չի հնչել քաղաքական ոչ մի թևից։ Քաղաքական մեծամասնությունը շարունակում է առանցքային օրենքներ փոխել, ինչը ազդելու է հնարավոր կամ չբացառվող արտահերթ ընտրությունների ժամկետների վրա։ Խոսքը «Կուսակցությունների մասին» օրինագծին է առնչվում, որի վերջնական ընդունմանը մնացել է «կես» քայլ և «Ընտրական օրենսգրքի»–ն, որը վերջնական տեսքի է բերվում։
«Մենք փորձելու ենք ունենալ նախագիծ առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ տարվա սկիզբ նախագիծ և դրան արդեն հաջորդող մոտ 2 ամիսների ընթացքում նախագծի քննարկում և ընդունում»։
Եթե դեպքերը զարգանան «Իմ քայլ»–ից պատգամավոր Համազասպ Դանիելյանի ներկայացրած ժամկետներով, ապա այստեղ լրացուցիչ հաշվարկ է անհրաժեշտ։ Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է՝ ընտրական գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխություններից միայն 6 ամիս հետո է հնարավոր կազմակերպել նոր կանոններով ընտրություններ։ Սա նշանակում է, որ ԸՕ–ի փոփոխությունը արտահերթ ընտրությունները հետաձգելու է առնվազն մինչև սեպտեմբեր։ Այդ ժամկետը չի գործի, եթե գործող օրենքներով կազմակերպվեն ընտրությունները։

Չորս նախագահ, 2 կաթողիկոս, հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ՝ տարբեր հարթակներով և ձևաչափերով շուտափյույթ փոփոխությունների կողմնակից են։ Իշխող ուժի համար «ժողովրդի» չափման միավորը հստակ է․
«Ով է ժողովուրդը, դրա սահմանումը և ժողովրդի քաղաքական կամքը ձևավորելու միակ ձևը շատ պարզ կարելի է տեսնել Սահմանադրությունում։ Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել։ Դա ստուգելու միակ ձևը ընտրություններն են»։
Եթե գործը դրան է հասնում, ապա ընդդիմադիրներից Էդմոն Մարուքյանը վստահում է միայն ինքն իրեն։ Արդյո՞ք կվստահի անցումային վարչապետ Վազգեն Մանուկյանի կազմակերպած ընտրություններին և կքվերակի՞ նրա օգտին, եթե իրադարձություններն այդպես զարգանան։

«Լուսավորականների» վարչապետի թեկնածուն չի շտապում բացահայտել «17 ուժերի» վարչապետի թեկնածուի հետ հանդիպումներն ու պայմանավորվածությունները։ Մի բան է հստակեցնում՝ արտահերթ ընտրությունների արդյունքներին պետք է վստահեն բոլորը, իսկ ազնիվ ընտրություններ կազմակերպելու համար պետք է լինի քաղաքական կամք։
«Նախ՝ ես քաղաքականության մեջ չեմ կարող բացառել նման հանգամանքեր, բնականաբար, նաև իրենք չպետք է բացառեն, որ ինչ -որ պահի կաջակցեն մեր թեկնածուին։ Եթե իրենք բացառեն այդ հանգամանքը, բնականաբար, մենք էլ կարող ենք բացառել իրենց հանգամանքը։ Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացմանը՝ ինքդ գիտես քո ուժերը, քո կողքի մարդկանց ուժերը և վստահության համատեքստը այդտեղ շատ ակնհայտ է։ Ուրիշ մնացած ուժերի մասին, բնականաբար, որ ուժը գա իշխանության, պետք է այդ երաշխիքները տա։ Թե ինչ ենք մենք քննարկել մեր քննարկումների ժամանակ, այդ հարցը քննարկումների առանցքային հարցերից մեկն է։ Եվ այս առումով քննարկումները շարունակվում են»։
«Դրսի» կամ «ներսի» պայքարի անարդյունավետության մասին խոսակցությունները վաղ են համարում պայքարի «դրսի» տարբերակը ընտրած «Բարգավաճ Հայաստան»- ում և ընդդիմությանը տրված խորհրդարանական լծակներին ապավինող «ներսի» պայքարի կողմնակից «Լուսավոր Հայաստան»- ում։
Իվետա Տոնոյան ․ «Դեռ շատ վաղ է գնահատականներ տալ, թե արդյո՞ք պայքարը արդյունք տալիս է, թե ոչ։ Պայքարը ընթացքի մեջ է։ Մենք բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դեռ ամիսներ շարունակ պաշտոնավարել»։

Էդմոն Մարուքյան ․ «Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընդդիմության պահանջը մեկ անգամ է բավարարվել, երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ընդդիմության պահանջի ուրիշ բավարարում, նման ցցուն դեպք ես չունեմ։ Անգամ Լևոն Տեր- Պետրոսյանի հրաժարականը ընդդիմության պահանջ չէր։ Հիմա որ ասում եք՝ ընդդիմության պահանջը կարող է չիրականացվի, դե ուրեմն՝ չի իրականացվի։ Հիմա էլ պատգամավորներ կան, որ «դրսից» պայքարում են և մի պատգամավոր չի, մի ամբողջ խմբակցություն է։ Եթե այդպես այդ տարբերակով լինի, ես չեմ նսեմացնի որևէ մեկի արածը։ Կապրենք՝ կտեսնենք։ Եկեք չշտապենք և չասենք, որ չի ստացվում կամ չի ստացվի»։
«Դրսում» պայքարողների անունից «Բարգավաճ Հայաստան»–ից պատգամավոր Իվետա Տոնոյանը հստակեցրեց՝ չեն մերժում օրինականությունը և միայն այդ տարբերակով են հասնելու սեփական կամքով հեռանալու ինքնագիտակցությանը։
«Լուսավոր Հայաստան»–ի հետագա քայլերը խորհրդարանի ներսում դեռ պարզ չեն։ Ըստ ժամանակացույցի` աշնանային նստաշրջանն ավարտվեց, նիստերը կարող են լինել միայն հարկ եղած դեպքում արտահերթ, պատգամավորների ու կառավարության անդամների միջև այս տարվա վերջին հրապարակային հարց ու պատասխանը 2 օր առաջ էր։ Պատգամավորները վարչապետի ու նախարարների հետ այդ ձևաչափով կհանդիպեն արդեն հաջորդ տարի։




