ԿարևորՀասարակություն

«Երկնքից կրակ»․ սպիտակ ֆոսֆորի կիրառման հետևանքները

Երկնքից ոչ թե անձրև կամ ձյուն, այլ՝ կրակ. հոկտեմբերի 30-ի գիշերը   ադրբեջանական ուժերն անցան այս աղետի բեմադրությանը։  Հատկապես  Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվել, սկսեցին կիրառել Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

Արդյունքում՝  այս պահին Այրվածքաբանության կենտրոնում  21 զինծառայող է բուժվում,  նրանց բոլորի այրվածքներն ըստ էության  ունեն նույն ձևը, «Ռադիոլուրին» հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։ Նրա խոսքով, հիվանդների 40 տոկոսը խորը այրվածքներով պառկած էին վերակենդանացման բաժանմունքներում

«Մեկ ամիս հետո մենք հասկացանք, որ քիմիական նյութեր  են օգտագործվել։ Հենց սկզբից կասկածում էինք, քանի որ դասական այրվածքի նման չէր։ 70 տոկոսի մոտ ինհալացիոն այրվածքներ են, դրանք հիվանդի վիճակը ծանրացնում են»։

Հենց  սկզբից բժիշկները հասկացել էին՝ զինծառայողների մոտ առկա այրվածքները սովորական չեն՝ շեղումներն ավելին են, լաբորատոր քննություններն այլ են, անգամ այրվածքը դասական տեսք չունի

«Մենք շատ անհանգստացանք, երբ առաջին անգամ լսեցինք, որ ֆոսֆոր է  պայթել, մտածեցինք, որ ֆոսֆորի այրվածք է։ Սկսեցինք ինֆորմացիա հավաքել, քանի որ քաղաքացիական կյանքում ֆոսֆոր չեն օգտագործում։ Մենք մեր արտասահմանցի գործընկերներին խնդրեցինք, ուղարկեցինք նկարները, պաթոլոգիան, տեսանք, որ նման է»։

Ճարպերի մեջ հեշտ լուծվելու հատկությամբ՝ սպիտակ ֆոսֆորը մարդու մարմնի հետ շփվելիս կարող է այրել մինչև ոսկորը: Սպիտակ ֆոսֆորի մասնիկները կարող են վերքեր առաջացնել նույնիսկ բուժումից հետո, ինչպես նաև մտնել արյան շրջանառության մեջ՝ ախտահարելով ու դառնալով բազմաթիվ օրգանների անբավարարության պատճառ։

Փակ վերքերը կարող են նորից գրգռվել վիրակապերը հանելուց հետո, երբ մնացորդները կրկին ենթարկվեն թթվածնի ազդեցությանը: Նույնիսկ համեմատաբար աննշան այրվածքները հաճախ մահացու են լինում:  

Սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործվում է տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Այն կիրառվում է ցերեկվա ժամերին՝ ծխածածկույթ առաջացնելու, իսկ գիշերը՝ հստակ տարածք լուսավորելու համար, բայց անօրինական է դրա օգտագործումը խաղաղ բնակչության դեմ։ Արգելված է հրկիզվող զենքերի ռազմաօդային ճանապարհով օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ համաձայն Ժնևի Կոնվենցիայի հրկիզվող զենքերի կիրառության արգելքների կամ սահմանափակումների մասին երրորդ արձանագրության։ Սակայն արձանագրությունը չի ստորագրել ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը։

ԵՊՀ անօրգանական  և անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, պատվավոր վարիչ  Համբարձում Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ սպիտակ ֆոսֆորը  ինքնաբռնկվող նյութ է, գոլորշիները թունավոր են, եթե շնչեն, այրման ժամանակ մեծ քանակությամբ  ջերմություն է անջատում

«Քանի որ ինքը արդեն բոցավառվել է, կա բոց ու բարձր ջերմաստիճան, հետևաբար, այդ բոցը, կրակն ազդում է, և առաջին հերթին, վտանգավոր է, եթե մարդու մաշկի վրա է ընկել, եթե պայթել է կողքին։ Կենդանի ուժի համար, երևի թե նպատակահարմար չէ թշնամուն օգտագործել, քանի որ սովորական պայթուցիկը ավելի է  ազդում, քանի որ բեկորներ ունի։ Սա ավելի շատ բնությանն է վնաս, ու երևի թե կարելի է անվանել էկոլոգիական զենք։ Առաջին հերթին բուսականությունը վերացնելու զենք է, արգելված է բազմաթիվ միջազգային պայմանագրերով»։

2000-2016 թթ. սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքների կիրառությունն արձանագրվել է  նվազագույնը ռազմական յոթ բախումների կետերում՝ Աֆղանստան, Գազայի հատված (Պաղեստին),  Իրաք, Լիբանան, Սոմալի, Ուկրաինա և Եմեն։  ԵՊՀ  անօրգանական  և անալիտիկ քիմիայի ամբիոնի  վարիչ  Համբարձում Խաչատրյան

«Նիկարագուայում են կիրառել,  Ֆոսֆորային զինամթերք է  օգտագործվել Իրաքում՝ 2003–2004թթ»։

Human Right Watch-ում սպառազինության բաժնի ղեկավար Սթիվ Գուսն ընդգծել էր, որ  «անկախ նրանից, թե ինչպես է օգտագործվում սպիտակ ֆոսֆորը, այն բնակելի տարածքներում սարսափելի և երկարատև վնասների պատճառ է դառնում»։

Ամերիկայի քիմիական հասարակության (ACS) համաձայն, աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 900,000 տոննա սպիտակ ֆոսֆոր։ Դրա մեծ մասն օքսիդացվելով՝ դառնում է ֆոսֆատ՝ լայնորեն կիրառվելով պարարտանյութերի, թունաքիմիկատների, պլաստիֆիկատորների ու անասնակերի սննդային հավելումների, ինչպես նաև մետալուրգիական և կրծողների դեմ թույների արտադրության մեջ։

«Սպիտակ ֆոսֆոր օգտագործած տարածքներում հնարավոր է կրկին անտառ հիմնել ու հող մշակել»,- ասում է պրոֆեսոր Խաչատրյանը։

«Որքան էլ տարօրինակ է, այրման արգասիքը՝ ֆոսֆորական թթվի անհիդրիդն է, որը  ջուր կլանելով, վեր է ածվելու ֆոսֆորական թթվի, որն էլ  անուշադրի սպիրտի հետ փոխազդելով պարարտանյութ է  դառնում։ Սա արդեն լավ է, քանի որ օգտագործվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ»։

Համոզվելու համար թշնամին իսկապե՞ս սպիտակ ֆոսֆոր է կիրառվել, թե՞ ոչ՝   հյուսվածաբանական քննություն կանցկացվի, դեռ հստակ չէ, թե որտեղ։ Սակայն,  հատուկ սարքի միջոցով Այրվածքաբանության ազգային կենտրոնում արդեն պարզել են՝ իսկապես ֆոսֆոր է կիրառվել։

Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայան․ «black lamp» կա, եթե  ֆոսֆոր է օգտագործված լինում,   մութ տեղում դնում ես մաշկի վրա,  ֆոսֆորի նման լուսավորվում է։ Մենք փորձել ենք, դրել ենք հիվանդների մաշկի, գլխի վրա, ականջի մեջ ու նման փայլեր կան»։

Թերևս, հենց այս սարքն էլ նկատի ունենալով, ՄԻՊ Արման Թաթոյանը  օրերս  հայտարարեց, որ ուսումնասիրությունները  կատարել են  հատուկ սարքերի օգնությամբ,   ձեռք են  բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ։ Արման Թաթոյանը  նաև  հայտնել էր, որ բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Կարդացեք նաև

Back to top button