ԿարևորՀասարակություն

Երևանյան անհնազանդություն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ժամը 12։08 է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը Facebook-յան ուղիղ եթերով հայտարարում է, որ արդեն մի քանի րոպե անցել է այն վերջնաժամկետից, որը իրենք տվել էին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու և հեռանալու համար։

«Ինչպես տեսնում եք, արդեն ժամը 12։08 է և Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, հետևաբար այս պահից սկսած մինչև 17։00–ը ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու իրենց բողոքն ու պահանջը տեղ հասցնելու համար»,– ասում է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին իրենց գործողություններն անել օրենքի սահմաններում և, որ ամենակարևորն է, չտրվել սադրանքների։ ՀՅԴ անդամը կոչով դիմեց նաև ոստիկաններին` ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր ու ցույցեր անելու իրավունքը ու չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։

«Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայի մեր ժողովրդին, մեր պետությունը և պետականությունը, գնա անցնցում, մի խաթարի մեր երկրի ներքին կյանքը, քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար»,–ավելացրեց Իշխան Սաղաթելյանը։

Կոչից շատ չանցած քաղաքում մեկնարկեցին անհնազանդության ակցիաներ։ Քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան և մի քանի խաչմերուկներ։ Քաղաքի տարբեր հատվածներում երթևեկությունը կաթվածահար էր։ Քաղաքացիների խմբերը մի խաչմերուկից ու փողոցից մյուսն էին անցնում, այդ կերպ ոստիկաններին  թույլ չտալով խոչընդոտել իրենց։

Ոստիկանները կոչ էին անում քաղաքացիներին ազատել ճանապարհի երթևեկելի մասը, իսկ դրան ի պատասխան քաղաքացիները վանկարկում էին «Ոստիկան միացիր»։ Արդյունքում ոստիկանությունը բերման ենթարկեց քաղաքացիներին։ Ժամը 15-ի դրությամբ անհնազանդության ակցիաների մասնակից 34 անձ էր արդեն բերման ենթարկվել, մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը։

Օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրեց ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքներ անցկացնող տասնյակ քաղաքացիների նկատմամբ, իրենց ձեւակերպամբ, պետական հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառման, ապօրինի վարչական ձերբակալությունների և անհամաչափ ուժի կիրառման փաստերի վրա:

«Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ և հավաքների մասնակիցներ այժմ անհիմն գտնվում են ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններում և բաժանմունքներում, սահմանափակված են նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ապօրինությունների կանխման և արձանագրման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության ապահովման համար»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

Իսկ քաղաքի մեկ այլ հատվածում քաղաքացիները կարողացան  համաձայնության գալ Իրավապահ մարմինների հետ, նրանք պայմանավորվեցին ևս մի քանի րոպե փակ պահել փողոցը ապա բացել՝ երթևեկությանը չխանգարելու համար։

Անհնազանդության ակցիաների մասնակիցները հաղորդեցին, որ նմանատիպ ակցիաներ իրականացվում էին նաև Գավառում, Արտաշատում, ինչպես նաև Երևանի ծայրամասային թաղամասերում։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնող մի խումբ քաղաքացիներ էլ օծանելիքներ և ժամացույցներ էին դրել ԱԱԾ շենքի դիմաց։ Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը մեկնաբանեց, որ օծանելիք և ժամացույց են դնում ԱԱԾ-ի դիմաց, քանի որ Նիկոլ Փաշինյանի կեցավայրից անհետացած օծանելիքի և ժամացույցի գործը քննվում է ԱԱԾ-ում:

«Խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո, նա, որ իրեն համարում է վարչապետ, առաջին բանը մեր կորցրած հայրենիքը չէր, որի մեղավորը ինքն էր, անհետ կորած մեր եղբայրները չէին, նա գանգատվում էր, որ իրենից հափշտակել են իր ժամացույցը և օծանելիքը: Մենք բերեցինք ԱԱԾ-ի դիմաց, քանի որ գործը քննվում է ԱԱԾ-ում»,– ասում էր Արման Սաղաթելյանը:

Կեսօրից 3 ժամ հետո էլ Երևանի Մետրոպոլիտենից հայտնեցին, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Մետրոպոլիտենից հայտնում էին որ տվյալ պահին այն փակ է։ Իսկ ավելի ուշ հայտնեցին որ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են։

Օրվա ընթացքում անհնազանդության կոչ արեց նաև եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը։ «Դիմում ենք բոլոր այն եզդիներին, որոնք գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին»,– ասված էր եզդիական նախաձեռնության հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի կոչեր քաղաքի տարբեր հատվածներում երթեր․ փակ փողոցներ ու ակցիաներ․․․ Այսօրվա քաղաքացիական առօրյան այսպիսինն էր։

Կարդացեք նաև

Back to top button