
Թուրքիայում ձերբակալված НТВ-ի լրագրողները նյութ էին պատրաստում Bayraktar անօդաչու թռչող սարքերի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է НТВ -ի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Կոշարնիցկայան:
«Մեր ունեցած նախնական տեղեկություններով նրանք բերման են ենթարկվել Թուրքիայի անվտանգության համար զգայուն օբյեկտի չարտոնված նկարահանումների համար։ Նրանք Թուրքիայում պատրաստում էին մի քանի նյութեր, և դրանցից մեկը վերաբերում էր Ուկրաինայում օգտագործվող անօդաչու թռչող սարքերին՝ Bayraktar-ներին», — ասել է Կոշարնիցկայան:
Լրագրողները բերման են ենթարկվել այն տարածքում, որտեղ գտնվում է անօդաչու սարքերի արտադրողի նախագծման բյուրոն: Հեռուստաընկերությունը չգիտի ՝ լրագրողները նկարահանումները հասցրել էին սկսել, թե՞ ոչ:
«Այս պահին կրկին, հիմնվելով թուրքական մամուլում տեղ գտած աղբյուրների վրա, նրանք մեղադրվում են լրտեսության մեջ, նրանք դատարանում են», — ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
«Եթե նկարահանումներն իսկապես արտոնված չեն եղել, այս դեպքում տեղի է ունենում ակնթարթային արտաքսում, այնուամենայնիվ նրանք հինգշաբթի օրվանից ձերբակալված են», — ասել է НТВ — ի գլխավոր խմբագիրը:
НТВ հեռոստաալիքն էլ հայտնում է, որ քիչ առաջ Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ռուս լրագրողներին արտաքսել երկրից՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։
Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Ստամբուլում գտնվող ռուս լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը կապի դուրս չեն գալիս:
Լրագրողների հետ կապն ընդհատվել է դեկտեմբերի 3-ին։ Նրանք այդ ժամանակ գտնվում էին Ստամբուլի արվարձաններից մեկում, որտեղ և ձերբակալվել են։ Դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի ժամանակով 21:00-ին Պետրուշկոն կարողացել է կարճ հաղորդագրություն ուղարկել։
«Մեզ, չգիտես ինչու, դեռ պահում են»,- հաղորդագրությունը մեջբերել է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։
Թուրքական Bayraktar անօդաչուներն ակտիվորեն օգտագործվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում:




