ԿարևորՀասարակություն

Զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներն ընթացքի մեջ են Մարտունիում, Ասկերանում, Հադրութում և Ֆիզուլիում

Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: 

Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։ 

Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում:

Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ: Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:

Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում: 

Կարդացեք նաև

Back to top button