ԿարևորՔաղաքական

Պատմությունը գրվում է փաստերով. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին: 

«Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: 

Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը: Իսկ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջիդ շշնջացող թշնամին քո հայրենադավությունից հետո, եթերում դիմելով քեզ, մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում, ծիծաղում վրադ և ծաղրում, ծպտունդ անգամ դուրս չեկավ: 

Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար: Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ: Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ: 

Անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը տարել ես բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ, մինչդեռ քեզնից առաջ բանակցություններ են վարվել Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով:

ՀՀ երրորդ նախագահը այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ կանդրադառնա: Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»,- ասված է Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիքին»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Քոչարյանը նշել էր, թե Հայաստանի գործող իշխանությունն այլևս լեգիտիմություն չունի, կարծիք է հայտնել, որ նորմալ ընտրություններ կազմակերպելու համար մեկ տարի ժամանակ է անհրաժեշտ, ողջունել է ընդդիմադիր 16 կուսակցությունների որոշումը:

Ըստ Քոչարյանի՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որը կարող է իրականացնել այդ առաքելությունը:

Այսօր ավելի վաղ ներքաղաքական զարգացումներին էր անդրադարձել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հանրապետության գործող նախագահ Արմեն Սարգսյանը ևս հանրությանը համախմբվելու կոչով էր դիմել։

Կարդացեք նաև

Back to top button