
Զինվորն ու կամավորը դարձել են դեպք, դեպքը՝ հուշ, հուշը տեղ է գտնելու Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնում։ Թանգարանը դեռ պատերազմի ընթացքում նախաձեռնեց «Հավերժի ճամփորդը» ծրագիրը։ Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանն է մանրամասնում։
«Շատ արագ ստացանք մենք արձագանքներ։ Մարդիկ բերում են, իրենց հարազատների մասին պատմում են, այդ հուշերը ներկայացնում են։ Բերում են իրենց այդ շատ փայփայած իրերը, որոնք հարազատ են եղել և՛ իրենց համար, և՛ զոհվածի համար։ Վստահում են և գիտեն,որ իրենց տեղը պիտի գտնեն պատմության թանգարանի, նաև մեր պատմության էջերում»։
Աշխատանքը փուլային է, հիմա հավաքագրում են ու մշակում, հետո, երբ դասակարգվի, կորոշեն հետագա ընթացքը։ Ցուցահանդեսի, տպագրության կամ այլ տարբերակով հանրությանը կներկայացնեն մերօրյա հերոսներին։ Թանգարանին դիմելու համար անհրաժեշտ է ուրբաթ և շաբաթ օրերին ներկայանալ նկարներով (նախընտրելի է զինվորական), կենսագրականով՝ մեկ էջի սահմանում և, ինչպես տիկին Սեդան է նշում, «մի լավ, տաքուկ հուշով, որ կներկայացնի, կբնութագրի հերոս զինվորին»։
«Այն զոհերը, որ մենք ունեցանք պատերազմի ընթացքում, դա էլ իր տեղը պիտի գտնի պատմության էջերում։ Առայժմ ընդունում ենք զոհերի հարազատներին, որովհետև իրենք չեն կարող իրենց մասին պատմել։ Դրա համար մենք շեշտադրումն անում ենք սկզբից զոհերի հետ կապված, բայց այս մեր նախաձեռնության մեջ մասնակիցները կարող են լինել և նրանք, ովքեր քաջագործություններ են արել և այսօր կենդանի են։ Եվ իրենք էլ կարող են բերել և պատմել հենց իրենց մասին այն, ինչ կատարվել է պատերազմի դաշտում»։

Հանրապետության մարզերում բնակվողներն էլ կարող են թանգարանի հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին փոխանցել իրենց զավակի, ամուսնու, եղբոր կամ հոր հետ կապված հուշերն ու փաստաթղթերը։ Արդեն հավաքագրված փաստաթղթերում տարբեր են մասնագիտությունները, տարբեր են դեպքերը, բայց նման են նրանով, որ բոլոր տղաներն արդեն պատմություն են։
«Պատմությունը միառժամանակ հետո ամեն ինչ, այդ իրադարձությունները պիտի դնի իրենց տեղում։ Եվ կարծում ենք՝ մենք, իրոք, ականատես կլինենք այս բոլոր և՛ հերոսական դրվագներին, և՛ լրտեսական, և այն ամենի, ինչի մասին այսօր խոսվում է։ Հիմա մեր գործը դա չի, որ հենց հիմա մենք դատենք։ Մեր գործն է, որ մենք էդ ամեն ինչը, որը վաղը դառնում է նորից պատմություն և պետք է սրբագրվի հենց մեր պատմության էջերում, մենք հավաքչական մեր աշխատանքն ենք անում»։
Հերոսական դրվագներն ու պարտությունը համադրելի են, պարտությունն ու առաջընթացը ևս համադրելի են, եթե պարտությանդ աչքերին նայելու, պատմությանդ առջև չընկրկելու և առաջ շարժվելու համառությունն ունես։




