
Մի խումբ տղամարդիկ՝ դրսում, կանայք ու երեխաներ՝ մուտքի մոտ․ բարդ չէ գտնել Արցախի օպերատիվ շտաբի շենքը։ Արցախի բարբառը՝ միահյուսված արցախցիների կարոտով ու վշտով լի հայացքներով․ նրանց կարելի է տեսնել ամենուր՝ բակում՝ նստարաններին նստած, մուտքի մոտ՝ հավաքված։ Այստեղ բոլորն իրար և ճանաչում են, և չեն ճանաչում։ Նրանց ցավը միանման է, ընդհանուր։
Ու չգիտես, թե զրույցը ինչից սկսես։ Թերևս կանխազգալով անելանելի վիճակը, իրենք են սկսում խոսել՝ Ավետարանոցից ենք։ Շատ արագ խեղդող լռությունը փոխվում է, երբ գյուղի մասին ես հարցնում։ Պայծառ, արևոտ ու լուսավոր. Ավետարանոցի բնակիչներն այսպես են բնութագրում ադրբեջանցիների ձեռքն անցած գյուղը։
Լիլիթ Բաբախյանը ծնվել, ապրել ու ամուսնացել է Ավետարանոցում․
« Դրախտ՝ գունեղ ու չքնաղ, բայց ոչ գունատ ու դժգույն։ Իմ հայրական տունն էլ է այնտեղ, տատիկիս տունն էլ է այնտեղ»։
Ավետարանոցի վրա երբեք չեն կրակել, ասում են, ու պատմում, որ գյուղի ռմբակոծումը սկսվեց սեպտեմբերի 28–ին, դուրս եկան տնից՝ վստահ, որ վերադառնալու են։ Կգնան, բայց ոչ Ավետարանոց․

Զոյա Ավանեսյանը Երևանում չի մնա, չգիտի, թե որտեղ է ապրելու, միայն գիտի, որ Արցախի հողն է կանչում․
«Հենց գյուղը ռմբակոծեցին, մենք դուրս եկանք։ Ես էստեղ չեմ մնալ, գնալու եմ Ստեփանակերտ։ Առանց հագուստի եմ տնից դուրս եկել, նույնիսկ հոկտեմբերի թոշակն եմ թողել։ Հադրութի անտառներից մտել են մեր գյուղը, որին սպանել են, որն էլ փախել ա։ Մենք էս մի տակ շորով փախել ենք»։
Երևան տեղափոխված ընտանիքները հիմնականում բնակարան են վարձել։ Լսել են՝ ինչ-որ ծրագրով վարձի գումարի կեսը Արցախի օպերատիվ շտաբն է տալիս, արդեն երեք օր է գալիս ու գնում են` ապարդյուն։
«Մի թոռս եղնիկներում 40 օր կռվեց, եկավ Շուշի` զոհվեց։ Էն մեկն էլ դեռ չի իջել պոստերից։ Մենք էլ ամեն օր գալիս ենք` 50 հազարի համար, գնում։ Այդպիսի բան կլինի՞։ Խնդիրն էն ա, որ ասացին միանվագ 50 հազար են տալիս, մինչև կորոշեն ինչ-որ աջակցություն։ Երեք օր է, գալիս ենք, 3 հազար դրամ ենք ծախսում, նորից ասում են՝ չկա։ Մեզ համար սա նվաստացուցիչ է, թող մեր տները տան` գնանք, ապրենք»։
Արցախի աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին հանդիպեցի նույն վայրում՝ Արցախի օպերատիվ շտաբում։ Կոնկրետ հաստատված ծրագիր՝ բնակարանների վարձավճարների մասով դեռ չկա` ասաց օպերատիվ շտաբի ղեկավարը։ Ըստ անհրաժեշտության՝ Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքներին գումար տրամադրվում է․

«Հիմնականում օպերատիվ շտաբ են դիմում՝ սոցիալական աջակցության խնդրով։ Յուրաքանչյուր ընտանիքի հոգս փորձում ենք հասկանալ իր ընտանիքի շրջանակներում, և յուրաքանչյուրին տարբեր գումարների չափով օգնություն է տրամադրվում։ Դա ծրագիր չէ վարձով բնակվողների համար, ընդամենը` այս պահի աջակցություն՝ մինչև շարունակական ծրագրերը կմտնեն ուժի մեջ։ Դրանք կմշակվեն առնվազն վեց ամսվա կտրվածքով։ Իսկ կոմունալ ծառայությունների վճարման համար աջակցության ծրագիրը գործելու է Արցախի Հանրապետության տարածքում ՝ մեկ տարի ժամանակով, ողջամիտ չափաքանակով»։
Թե որքան գումար է մինչ այժմ տրամադրվել, դժվար է ասել, քանի որ ֆինանսավորման աղբյուրներն են տարբեր։




