ԿարևորՀասարակություն

Մենք չունենք դիրք, որը գտնվի սահմանագծից հետ․ Տիրան Խաչատրյան

Մենք չունենք դիրք, որը գտնվի սահմանագծից հետ՝ այսօր ուշ երեկոյան հրավիրված ասուլիսում վստահեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Նա հայտնել է, որ Սոթքի հանքավայրով է անցնում Հայաստան-Ադրբեջան սահմանը, և այսօր սահմանազատման աշխատանքներ են կատարվել:

Ըստ նրա՝ ռուսական կողմը նախապես ձեռնարկել էր անվտանգային միջոցառումներ տարածքի պահպանման համար։

Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ և իրենց ուժերով:

Մեր զորքերը անվտանգության գոտու ապահովման հարցերում ընդգրկված չեն եղել:

Գեներալը ներկայացրել է քարտեզներ Սոթքի հանքավայրից։ Տիրան Խաչատրյանը հավելել է, որ Քարվաճառ մուտք գործելուց հետո, ադրբեջանցիները հանդիպել են այդ արգելափակոցներին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է, և այն ուժերը, որոնք իրականցնում են տարածքի պաշտպանություն, պետք է դուրս գան:

Նրանք կապ են հաստատել հայկական կողմի հետ, հայկական կողմն էլ իր հերթին տեղեկացրել է ռուսական կողմին, այնուհետև ռուսական կողմը այդ պահպանության գոտուց դուրս է բերել համապատասխան անձնակազմը:

Խաչատրյանը նշեց, որ սահմանն անցնում է հենց Սոթքի հանքավայրով, և ըստ այդմ, հանքավայրը բաժանվելու է 2 մասի՝ մի մասը մնալու է Ադրբեջանին, մյուս մասը Հայաստանին։

Նոյեմբերի 25-ին հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։

Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն։

Կարդացեք նաև

Back to top button