
Մինչև երեկ Բերձորում անորոշություն էր, լքո՞ւմ են տարածքը, թե՞ այն շարունակում է մնալ հայկական, սակայն այսօր առավոտյան ամեն ինչ փոխվեց։ Քաշաթաղի շրջվարչակազմի հայտարարել են, որ բնակիչները մինչև նոյեմբերի 30–ը պետք է լքեն տարածքը, «Ռադիոլուրին» ասաց Բերձորի փոխքաղաքապետ Վահե Գալստյանը։
«Բերձորը, ընդհանրապես, ասել էին, որ մնում է հայկական, սակայն ինչպես պարզվեց, դա հայկական չի, մնում է ռուսական զորքերի տիրապետության տակ։ Այսինքն` ռուսական զորքերը պահելու են ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք կապ պահել Արցախի հետ։ Ճանապարհից 2.5 կմ այս կողմ ու այն կողմ կանգնելու է ռուսական զորքը, սակայն ադրբեջանական կողմն ունենալու է դիտակետեր այդ ճանապարհին նայող»։
Այժմ բերձորցիները զբաղված են սեփական իրերի տարհանմամբ։ Բերձորի փոխքաղաքապետը ևս այսօր դուրս կգա 30 տարի առաջ կառուցած իր տնից, սակայն այն առանց այրելու։
«Քաշաթաղում ներկա պահին այրվող տներ չկան։ Ես այսօր դուրս եմ գալիս, չգիտեմ այսօրվանից հետո կլինե՞ն, թե՞ ոչ։ Համենայն դեպս, ես էլ միտք չունեմ այրելու։ Ես 30 տարի ապրել եմ այստեղ և 30 տարվա սարքածը ես չեմ կարող այրել։ Ամեն ինչ դատարկել ենք, մնացել են պատերը»։
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ շատ բան անորոշ է նաեւ իր համար.
«Հիմա վիճակն այսպես է։ Բերձորում հայկական բնակչություն լինելու է, բայց այս պահին քիչ քանակությամբ։ Կփորձենք փոքրաթիվ ընտանիքներ պահել։ Այս պահին հստակ մի բան կա, որ հստակություն չկա։ Մարդիկ, այո, տարհանվում են։ Ես, լինելով շրջվարչակազմի ղեկավար և քաղպաշտպանության պետ, սեփական շրջանում ունենալով հարավային հատվածի դժկամ փորձը, մարդկանց խորհուրդ եմ տալիս, որ դուրս գան` ապահովության և անվտանգության նկատառումներից ելնելով։ Հետագայում, երբ որ հավաստի երաշխիքներ կլինեն, նոր կհասկանանք ինչ ենք անելու»։

Այն, որ Բերձորը պետք է մնար հայկական ուժերի հսկողության տակ, մինչև վերջերս անընդհատ հայտարարում էին Արցախի իշխանությունները։ Սակայն այսօր մեզ չհաջողվեց նրանցից որևէ մեկից պարզաբանում ստանալ։
Քաշաթաղի շրջանի հանձնումը խնդիրներ է առաջացրել նաև Սյունիքի՝ Քաշաթաղին սահմանամերձ գյուղերի համար։
Սյունիքի մարզի Խնածախ գյուղը 22 կմ տարածքով սահմանամերձ է հակառակորդին հանձնվող Քաշաթաղի տարածքին։ Նախկին գյուղապետ Կարո Թավադյանը « Ռադիոլուրի» հետ զրույցում հակառակորդի և գյուղի միջև հեռավորությունը նկարագրելու համար բերում է իր տան օրինակը։ Սեփական տունը գտնվում է գյուղի ծայրամասում, սակայն թշնամուց հեռու է առավելագույնը 1կմ։
Հայկական բանակի հետ սահմանները պահելու գործում հավանաբար գյուղից կներգրավեն նաև կամավորներ, ասում է։
«Առայժմ գյուղում ոչ մի խուճապ չկա, բայց քանի որ անասնապահությամբ ենք հիմնականում զբաղվում, մեր արոտավայրերն ու դաշտերը շատ մոտ են լինում դրանց և բավականին մեծ խնդիր կունենանք այնտեղ մոտիկանալու հարցում»։
Քաշաթաղի հանձնումով Սյունիքի սահմանամերձ գյուղերի համար խնդիրներն առջևում են։ Իսկ դրանք տեսանելի կլինեն առնվազն 5-10 օր հետո, երբ ամբողջական հանձնումից հետո հակառակորդի հետ կապրենք քիթ քթի տակ, խոսքը եզրափակեց նախկին գյուղապետը։




