
90, 92, 94 տոկոս արդյունավետություն. այս շաբաթվա սկզբին գերմանական Բիոնտեխ, ամերիկյան Պֆիզեռ և Մոդեռնա, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V»- ի ստեղծողները հայտարարեցին կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի արդյունավետության մասին։ Ավելին, ընկերությունների ղեկավարները վստահեցնում են, որ մինչև հաջորդ տարվա ձմեռ Քովիդ 19–ը կնահանջի ու աշխարհը կանցնի բնականոն կյանքի։
Մինչ այս` պատվաստանյութերի մշակողները մրցակցում են միմյանց դեմ։ Հայաստանը դեռևս հստակ չի որոշել, որ ընկերության հետ է սկսելու բանակցությունները պատվաստանյութի ձեռքբերման համար։ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ ոչ մի պատվաստանյութ չկա, որ անցել է կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը և սկսել է գրանցման գործընթաց։ Ուղղակի որոշ ընկերություններ հայտարարում են իրենց պատվաստանյութի արդյունավետության մասին։
«Բոլոր դեպքերում հետազոտությունները դեռ ավարտված չեն։ Դա երկարատև գործընթաց է։ Հետազոտությունները կավարտվեն, ամբողջ արդյունքները կամփոփվեն, համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն գրանցման, որից հետո միայն պատվաստանյութը թույլ կտրվի զանգվածային կիրառման համար»։
Բիոնտեխ ընկերության ղեկավար Ուգուր Շահինն ասել է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, կսկսեն դեղամիջոցը մատակարարել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Մինչեւ ապրիլ ընկերությունը նախատեսում է 300 միլիոն դեղաչափ հասցնել գնման հայտ ներկայացրած բոլոր երկրներ: Բրիտանիայում BioNTech / Pfizer պատվաստանյութի առաջին տասը միլիոն չափաբաժինները հասանելի կլինեն մինչև տարեվերջ, ևս 30 միլիոն կտրվի ավելի ուշ: Ընկերությունները նախատեսում են 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ արտադրել մինչև տարեվերջ, 300 միլիոն՝ մինչև ապրիլ և ավելի քան մեկ միլիարդ պատվաստանյութ 2021 թվականի ընթացքում: Ըստ ընկերությունների հայտարարությունների՝ զարգացած երկրներն առաջինը կստանան պատվաստանյութը: Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ առանձին ընկերությունների հետ։ ԱՀԿ –ի ջանքերով ստեղծվել է Քովաքս ֆասիլիթի նախաձեռնություն, որը նախատեսում է միասնական գնումների միջոցով գնային հասանելիություն ապահովել ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների համար։

«Այնպես չլինի, որ ամբողջ արտադրվող պատվաստանյութը գերհզոր պետությունները միանգամից վերցնեն, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները մնան հերթի վերջում»։
Հայաստանը պայմանագիր ունի Քովաքս ֆասիլիթի նախաձեռնության հետ, բայց այս պահին, թե որ պատվաստանյութը երկիրը կունենա, առողջապահության նախարարության պաշտոնյայի խոսքով, դեռ հստակ չէ։ 12 կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել համագործակցել այս նախաձեռնության հետ բավարար չափով պատվաստանյութ տրամադրել Քովաքս ֆասիլիթիին։
Ըստ որոշ գնահատականների՝ պատվաստանյութերի վաճառքից ընկերությունները կվաստակեն շուրջ 13 միլիարդ դոլար:
Մինչ կորոնավիրուսի պատվաստանյութը փորձարկումների փուլերն է անցնում, Հայաստանում, մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ձեռքերը մշտապես ախտահանել, պահել սոցիալական հեռավորություն և կրել դիմակ, առավել ևս, որ սեզոնային վարակիչ մյուս հիվանդությունների ակտիվացման շրջանն է։ Ի տարբերություն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին՝ հայաստանյան պոլիկլինիկաները հագեցած են սեզոնային գրիպի պատվաստանյութով։ Հոկտեմբերի առաջին շաբաթից սկսվել են պատվաստումները։ Անվճար պատվաստվել կարող են ռիսկի խմբում գտնվողները` հղիները, տարեցները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, փակ կազմակերպություններում՝ մանկատներում, ծերանոցներում գտնվող անձինք, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողները։
«Պատվաստումներն այս պահին առաջարկվում է ռիսկի խմբերում գտնվողներին, բայց ինչպես նախորդ տարինեևրի փորձն է մեզ հուշում, եթե ռիսկի խմբի անձինք հրաժարվում են պատվաստումներից, ապա դա կառաջարկվի առողջներին։ Դա սովորաբար կատարվում է դեկտեմբերից սկսած։ Մինչև դեկտեմբեր հնարավորություն է տրվում ռիսկի խմբերին, իսկ դրանից հետո՝ առողջներին»։
Կորոնավիրուսով և պատերազմական գործողություններով պայմանավորված՝ գրիպի դեմ պատվաստումներին հասարակությունն ուշադրություն չի դարձրել, տեղեկացրեց Գայանե Սահակյանը՝ հույս ունենալով, որ պատկերն այս օրերին արդեն կփոխվի։




