ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը Ազատության հրապարակից բերման է ենթարկել հանրահավաքի մասնակիցներից մի քանիսին

Ազատության հրապարակում ընթանում է 17 քաղաքական ուժերի նախաձեռնած հանրահավաքը: Ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի մի շարք մասնակիցների:

Բերման ենթարկվածների թվում են բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ՀՀԿ–ականներ Հայկ Մամիջանյանը, Միհրան Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական Վարդան Ոսկանյանը: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորների՝ կալանավորվել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:

«Հարգելի քաղաքացիներ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրան մասնակցելուն ուղղված գործողությունները: Նշված պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ»,- հայտնում են ոստիկանությունից:

Դատախազությունն իր հերթին պարզաբանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է:

Պարզաբանվում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 307․1-րդ հոդվածով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։

17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: Մինչ այդ,17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Կարդացեք նաև

Back to top button