ԿարևորՄշակույթ

Մշակութային վահանը՝ զինվորի ընտանիքին պաշտպան

 «Սիրելի հայ ժողովուրդ, առավել քան երբևէ, այսօր և հիմա հավատում եմ հայոց հաղթանակած բանակի կերտվելիք հաղթանակին։ Երբեք այսքան հավատք չէի ունեցել այդ իմաստով, որքան հենց հիմա եմ հավատում»։

Հայոց բանակի գնդերեց տեր Վարազդատ քահանա Նազարյանը կիրակնօրյա պատարագից հետո եկեղեցուց դուրս եկած մարդկանց այս խոսքերով ողջունեց Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում։ Նույն այս խոսքերով մեկնարկեց բարեգործական համերգ–հանգանակությունը, որի ողջ հասույթն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» հինադրամին։

«Մենք մշակույթով վաղուց ենք հաղթել և պատերազմում ևս հաղթելու ենք, և դա ոչ թե լոկ բառ է, այլ իրական ջանք, որ ամբողջ ազգն է ներդնում հաղթելու ու առաջնագիծը ամուր պահելու համար»։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը մինչև համերգի մեկնարկը խոսեց հանգանակության կարևորության մասին։ Սահմանը անառիկ պահելու համար  զոհված կամ վիրավորված 416 զինվորի ընտանիք հենց հիմնադրամի միջոցներով է այժմ աջակցություն ստանում։ Սա շարունակելու համար բոլորի միասնությունն է անհրաժեշտ։ Նախաձեռնության մասին երգիչ, երգահան Վարուժան Արծրունին է պատմում․

«Համախմբումը հիմնադրամի շուրջ է, և այս միջոցառման հիմնական ուղերձը և գաղափարը հստակ են նաև մշակույթի, քաղաքակրթության լեզվով ձևավորված ուղերձ որը կուղղորդի մեր հանրությանը դեպի հիմնադրամ, դեպի զինվոր, զինվորների ընտանիքները։ Մենք պիտի հասկանանք, որ արվեսը, հայկական մշակույթը հզորագույն զենք է, և այդ զենքն արդեն աշխատում է»։

Միջոցառումը եկեղեցու տարածքում է՝ մարդաշատ, բոլորի ուշադրության կենտրոնում։ Բայց վայրի ընտրությունը նաև սիմվոլիկ է․

«Ինձ համար ընդհանրապես հսկայական նշանակություն ունի վայրը, որտեղ դու կարող ես ձևավորել քո գեղագիտական ուղերձը։ Այսօրվա համերգը այդ առումով մաքուր տարածքում է, որովհետև եկեղեցու տիրույթը մաքուր տարածք է բոլոր առումներով՝ և իմացաբանական, և հավատքի, և բարոյականության, այսինքն՝ էստեղ ամեն ինչ միանշանակ է, և այդ միանշանակության մեջ արվեստի և մշակույթի ինքնդրսևորումը առավել ակտուալ է և առավել զորեղ»։

Եկեղեցու զանգի ղողանջները ընդհատում են մեր զրույցը, իսկ հետո հնչում է հայկական մշակույթը՝ «Կոմիտաս» ազգային քառյակի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներների անսամբլի, Վահան Արծրունու, Նորայր Քարտաշյանի, Լիլիթ Բլեյանի և Տիգրան Տեր-Ստեփանյանի կատարմամբ։

Մշակույթը վահան դարձրած այս մարդիկ իրենց կռիվն են տանում։ Ձեռքում երաժշտական գործիք պահող այս մարդիկ ձեռքում զենք պահողների կողքին են՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ անկախ ձևից, կարևորը բովանդակությունն է, անկախ ճանապարհի ընտրությունից, կարևորը՝ նպատակակետը։ Իսկ այն շաբաթներ շարունակ բոլորի համար նույնն է։

Կարդացեք նաև

Back to top button