ԿարևորՎերլուծական

Սպառված ու կանխատեսելի թշնամի․ լեռները նրանց չեն ընդունում

Նրանք կարծում էին, թե կգրավեն Արցախը։ Ղարաբաղի հարցի լուծման մեխանիզմ էին մշակել՝ գրավել այն մեկ օրում կամ մեկ շաբաթում։

«Սակայն պատերազմի առաջին օրից արդեն ակնհայտ դարձավ, որ ոչ միայն չլուծվեց այդ հարցը, այլ նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ադբրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ անցած որոշ դիրքեր անցան հայկական ուժերի վերահսկողության տակ»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ պատերազմի մասին ենք խոսում։ Քառասուն օրը բոլորած կռվի սկզբում արդեն ակնհայտ էր՝ նպատակը, որը դրվել է, չի իրականանա․

«Չնայած այն բանին, որ պատերազմը դեռևս ընթացքի մեջ է և դեպքերը տարբեր ձև են զարգանում, բայց մինչև այս պահը կարող ենք հստակ ասել, որ ռազմավարական նշանակություն ունեցող և ոչ մի հարց Ադրբեջանի և Թուրքիայի բանակները չեն կարողացել լուծել։  Ճակատային կռիվները վերածվել են արդեն դիվերսիոն խմբերով մարտերի և փորձ է կատարովում ոչ թե լուծել ռազմավարական նշանակության հարցեր, այլ ընդամենը սեփական հանրությանը գոհացնող դրվագային հարցեր լուծել»։

Արցախը գրավել չհաջողվեց, սկսեցին իրենց դրոշները բարձրացնել անհայտ ծագման բնակավայրերում, Իլհամ Ալիևը սկսեց ամեն օր հայկական մոտ 13 գյուղ գրավելու մասին հայտնել, հետո, սպառելով գյուղերի անունների շտեմարանը՝ կրկնել դրանք, երկրորդ անգամ նույն գյուղը գրավված ճանաչելով։ Իսկ հետո կատարվածի մասին քաղաքագետ Սարո Սարոյանն է պատմում․

«Մենք հիշում ենք, որ 2 շաբաթ առաջ խնդիր էր դրվել Լաչինի միջանցքը գրավելու․ դա նույնպես տապալվեց ու իրենք հասկացան, որ այլևս այդ ուղղություններով որևէ բան չեն կարող նախաձեռնել։ Մինչև այդ արդեն արձանագրվել էր, որ Քարավաճառի, Մարտակերտի և Աղդամի ուղղությամբ ընդհանրապես իրենք ոչինչ չեն կարողանում անել և դրա համար, քանի ձմեռը չի եկել, փորձեցին իրականացնել Շուշիի ուղղությամբ։ Հասկանալի է, որ գրավել իրենք ընդհանրապես չեն կարող, բայց խնդիր էր դրվել քաղաքի ընդամենը մի ժայռի ծայրին մի դրոշ բարձրացնել, նկարել դա և փորձեր փոխանցել Ալիևին, որպեսզի նա իր հանրությանը կերակրի, թե ադրբեջանական բանակը գրավել է Շուշին՝ սիրտը Արցախի»։

Ռազմական փորձագետ Հովհաննիսյանը ևս կարծում է, որ վերջին օրերին Շուշիի ուղղությամբ դիվերսիոն խմբերի ակտիվությունը բացառապես դրոշ դնելու և հաջողության պատրանքով սեփական ժողորդին կերակրելու նպատակ է հետապնդում։

Երկու զրուցակիցներս էլ վստահ են՝ Ադրբեջանը շոշափելի հաջողություններ չունի ու առաջիկայում ևս չի ունենալու։ Վստահությունը արդարացնող պատճառներ են թվում

Պատճառ առաջին․ թշնամին սպառվել է
Պատերազմի առաջին շաբաթը ամենածանր շաբաթն էր։ Այդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինտեխնիկան գրեթե 80 տոկոսով ոչնչացվեց։

Պատճառ երկրորդ․ թշնամուն լեռները չեն ընդունում
«Այն բոլոր ցամաքային ուժերը, որոնք ներգրավված էին պատերազմում նրանք պարզապես այն տեղանքում, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողությունները ի վիճակի չեն կռվելու»։

Պատճառ երրորդ․ թշնամին կանխատեսելի է դարձել
«Մենք կարողացել ենք ըմբռնել, թե ինչ մարտավարությամբ են իրենք առաջնորդվում և ըստ այդմ կարողանում ենք կանխարգելիչ գործողություններ իրականացնել»։

Եվ այս ամենից բացի մեկ հանգամանք ևս․ թշնամին կարող է իրե պարտված զգալ, իսկ դա անհետևանք չի մնում․

«Դա հոգեբանական շատ մեծ բեռ է դարձել ադրբեջանական բանակի համար։ Սպասել, որ տանկային մեծ գրոհներ կլինեն՝ չէ, ոչ էդ տանկերը կան արդեն, ոչ զրահատեխնիկան կա, ոչ էլ էդ հոգեբանությունը կա թուրք զինվորների մոտ, որ կարողանան նման կարգի մեծ ուժերով ինչ–որ հարձակում իրականացնել»։

Նրանք կարծում էին, թե կգրավեն Արցախը։ Մեկ օրում, կամ մեկ շաբաթում։

Պատերազմի մեկնարկից 40 և ավելի օրեր անց քաղաքագետը և ռազմական փորձագետը անվերապահ վստահությամբ նշում են․ ձախողվում են ոչ միայն Արցախը գրավելու, այլ նաև դրա ամենացանկալի հատվածներում թեկուզ միայն նկարելու նպատակով դրոշ բարձրացնելուն ուղղված ջանքերը։

Կարդացեք նաև

Back to top button