ԿարևորՄշակույթ

Մոսկովյան կինոփառատոնում «փակված» «Դրախտի դարպասը» բացվեց Երեւանում

Դրախտի դարպասները բաց են հայ կինոդիտողների համար։ Հոկտեմբերի 4-ին Մոսկվայի ամենամյա միջազգային կինոփառատոնի ծրագրից հանված արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի գեղարվեստական ֆիլմի հայաստանյան  պրեմիերան կայացավ նոյեմբերի 5-ին ՝ «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի #ՆվիրումԱրցախին հատուկ ծրագրի շրջանակներում։ 50-ամյա գերմանացի Ռոբերտ Ստերնվալի 2016թ․-ին Արցախում՝  քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմում իրականացրած լրագրողական հետաքննության մասին պատմող ֆիլմի և ցուցադրվող մյուս ֆիլմերի տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է  Հայաստան համահայկական հիմնադրամին։  «Ոսկե Ծիրան» միջազգային կիոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը պատմում է․

«Խնդիրը ոչ թե Ջիվան Ավետիսյանի ազգային պատկանելիության մեջ էր, այլ  ֆիլմի բովանդակության, այդ պատճառով այն հանվեց, իսկ ադրբեջանական ֆիլմը՝ ոչ։ Պատերազմը ֆիլմի առաջին գծում չէ, այսինքն ֆիլմն այլ դրամատուրգիական սյուժե ունի, բայց այն համարեցին պայթյունավտանգ։ Հայ կինոդիտողները կինոյի տանը կարող են նայել ֆիլմը, այն երկու անգամ ցուցադրվելու  է»

Կինոփառատոնը համավարակի պատճառով հետաձգվեց մինչև նոյեմբեր, իսկ հիմա էլ ահա պատերազմական այս իրավիճակում «Ոսկե Ծիրան»-ը տվեց իր մեկնարկը  «Նվիրում Արցախին» նախագծով․

«Այս ֆիլմերից շատերը ճամփորդել են աշխարհով  մեկ և պատմել Արցախի մասին, իսկ  այս պատերազմական օրերին հավաքվել են կողք կողքի ՝ ներկայանալու հայ հասարակությանը»

Երևի այն իրականությունը, որում ապրում ենք այսօր իր հերթին մի ֆիլմ է, որից կտրվելու համար արժե դիտել  այս իրականություն իրենց յուրովի  դիտակետից  նկարագրած կինոռեժիսորների տարբերակները։

Կարդացեք նաև

Back to top button