
Այսօր էլ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանական զինված ուժերը, վարձկանները մի քանի ուղղությամբ` այդ թվում հյուսիսային և հյուսիս-արևելեյան ուղղությամբ փորձել են հարձակումներ իրականացնել, հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։
«Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել»,- ասել է Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ վիճակ է այս պահին Բերձորի ուղղությամբ, ասել է, որ աշխատանք է տարվում դիվերսոն խմբին այդ ուղղությամբ չեզոքացնելու ուղղությամբ։
«Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,- նշել է Հովհաննիսյանը:
«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են: Միգուցե էլի կլինեն մեր համար ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այժմ հայկական կողմի ներուժը, կազմակերպվածությունը, կառավարումն ու շատ ու շատ գործոններ ավելի լավ վիճակում են:
Հովհաննիսյանը նշել է, որ շարունակում է միասնականություն տեսնել, Արցախում հակաքարոզչությունը որևէ ազդեցություն չունի, չկա խուճապ, անկազմակերպվածություն: Որևէ մեկը ստիպողաբար չի պահվում Արցախում, ճիշտ հակառակ գործընթացն է:
«Մենք հաղթելու ենք: Ես չէի ասի սա, եթե համոզված չլինեի, որովհետև ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոց Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում, տեսել եմ մեր երիտասարդ սպաներին: Ես տեսել եմ կամավորականներին: Չի կարող էս կամքը, էս կրակը, էս էներգիան պարտվի ուղղակի, դա անհնար է: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են, բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով ադրբեջանական քարոզչության տակ են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ, ուրիշ ոչ մի բան»,- ասել է Հովհաննիսյանը։




