
Մինչև այս պահը զոհվել է 37 և վիրավորվել 118 քաղաքացի։ Նախնական վերլուծությամբ՝ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է շուրջ 10500 մասնավոր գույք, 1500 ենթակառուցվածքային միավոր, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, 1100-ից ավելի շարժական գույք։ Այսօր ճեպազրույցում ասել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ թվերը դեռ ճշգրտման կարիք ունեն։
Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է ադրբեջանական սոցիալական մեդիայում, ռիսկը մեծ է, որ կարող են լինել այլ քաղաքացիական զոհեր, հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբեր են մուտք գործել, քանի որ այդ բնակավայրերից անհայտ կորած քաղաքացիական անձինք կան։
Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպող թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև պարբերաբար՝ Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր, և որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում։
Ըստ վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ, և ակնհայտորեն թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ։
«Երեկ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։ Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով»,-ասել է նա։
Մարդիկ արդեն զգուշավոր են, հասկանում են, որ ռիսկը մեծ է, և, գլխավորապես, ապաստարաններում են լինում։ Դրա համար մարդկային զոհերի և վիրավորների քանակը նվազում է։
Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում, ինչպես վերլուծություններն են ցույց տալիս, հիմնականում լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ։ Այդ լուսանկարներում ու տեսանյութերում ներկայացված են տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ, դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր. «Այդ տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը խստագույնս անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»։
Արտակ Բեգլարյանը կարևորել է միջազգային հանրության պատշաճ ուշադրությունն այս դեպքերին, հետագա խախտումները կանխարգելելու, ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում երաշխավորելու, և նաև հայ զինծառայողների դիակների մասով հետագա իրավախախտումները և ոտնձգությունները բացառելու համար:




