Հասարակություն

Արտգործնախարարի հանդիպումները Վաշինգտոնում

Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ՝ համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մայք Գրիմի գլխավորությամբ, հայնտում է ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց գործունեության համար, կարևորել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և առաջիկա ծրագրերը և նշել են, որ շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բարեկամության զարգացման:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել է տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է  կորպորացիայի կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանի վաշինգտոնյան այցի օրակարգում է եղել  նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի առաջատար քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

Նախարարի ելույթին ներկա են գտնվել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, Միացյալ Նահանգներ իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ։

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանն ուղևորվել է Վիեննա, ուր հունիսի 6-ին նախատեսված է նրա ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում՝ որպես Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ։

Կարդացեք նաև

Back to top button