
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ.
«Վերջին օրերին ես օրական մի քանի անգամ մշտական կապի մեջ եմ Հայաստանի եւ Ադրբեջանի իմ գործընկերների հետ, նույնն է անում նաեւ ՌԴ պաշտպանւթյան նախարար Սերգեյ Շոյգուն, որովհետեւ ղարաբաղյան տարածաշրջանում հումանիտար հրադադարի հաստատումից զատ, կարեւոր է նաեւ այն պահպանելու վերահսկողությունը»:
Նա նշել է, որ եկել են եզրահանգման, որ անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ, որ կարողանան իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները. «Համապատասխան որոշման մասին ես հայտնել եմ ընդամենը կես ժամ առաջ ինձ զանգահարած Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ պատրասվում ենք նույնը փոխանցել հայկական կողմին: Կարծում եմ, այս պահին սա է բանալին, որով կարող ենք հասնել կրակի կայուն դադարեցմանը, որի հետեւանքով վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժում է խաղաղ բնակչություն»:
Մանրամասնելով ներկայացված մեխանիզմի մասին, Լավրովը նշել է, որ դիտորդները կարող են լինել ռուսներ, բայց դա վերջնական որոշված չէ, այդ հարցը հստակեցվելու է եւ հավելել է, որ երբ սահմանվում է հրադադար, սովորաբար կողմերի ռազմական ղեկավարություններն անմիջապես հստակեցնում են քայլերը՝ ինչ անել եւ ինչպես: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի, դա ինչ-որ կախարդական մեխանիզմ չէ, այլ սովորական գործընթաց է, որի միջոցով դադարեցնում են մյուս հակամարտություններն էլ՝ օրինակ, ինչպես Դոնբասում, որտեղ հրադադար էր սահմանվել ոչ մեկ անգամ, սակայն առավել պահպանվում է վերջինը՝ այն էլ, լրացուցիչ վերիֆիկիացիոն մեխանիզմներ ներդնելուց հետո: Ըստ Լավրովի, այդպես է եղել նաեւ 1992 թվականին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եւս:




