Մշակույթ

Բարսեղ Թումանյան.«Դելփյան խաղեր»ի որակը տարեցտարի բարելավվում է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարի մայիսի 16-ից 21-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանը Նովոսիբիրսկում մասնակցել է «Դելփյան-Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ երկրների 8-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերին»: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանի խոսքով` մշակութային քաղաքականության իրականացման գործընթացում այս խաղերը դիտարկվում են լրջագույն ռազմավարական հենակետ: Ըստ նրա`սա նպաստում է տարբեր ժողովուրդների մշակույթները կրող երեխաների համախմբմանն արվեստի շուրջ:

Այս տարի «Դելփյան խաղերին» մասնակցել է 18 երկրի 800 ներկայացուցիչ: Հայաստանը մասնակցել է 17 հոգուց բաղկացած պատվիրակությամբ, որից 8-ը մասնակիցներն են` 4 անվանակարգերում` դասական երգեցողություն, ջութակ, հագուստի դիզայն և կրկես: Վերջին անվանակարգում Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալ: Ոսկեմեդալակիր Ռայա Հակոբյանը, խաղերին մասնակցել է առաջին անգամ, բայց արվեստով զբաղվում է արդեն 5 տարի:

«Ելույթից առաջ շատ էինք լարված, բայց երբ ելույթ ունեցանք, սպասեցինք մինչև որոշեն` ով է առաջին տեղ, երբ իմացանք, որ մենք ենք, շատ ուրախացանք»:

Ըստ Դելփյան կոմիտեի նախագահ Բարսեղ Թումանյանի` դելփիական խաղերի հիմնախնդիրը կայանում է նրանում, որ հնարավորություն ընձեռվի լուծել այն հոգևոր ճգնաժամը, որը վերջինիս կարծիքով ծառացած է գրեթե ամբողջ աշխարհի առջև:

Միջոցառման որակը տարեցտարի բարելավվում է,- նկատեց Բարսեղ Թումանյանը և ավելացրեց, որ ծրագրերի չափանիշները միջազգային են և մեր նպատակն է, որ մենք կարողանանք մասնակցել նմանօրինակ չափանիշներով մրցույթների:

«Շատ է լրջացել, վերջին տարիներին մրցույթները բավականին խստացել են, շատացել են մասնակիցները, ընտրությունը գնալով դառնում է դժվար և լարված»: Անելիքները շատ են, և մենք պետք է բացահայտենք մեր երկրի տաղանդներին, իր խոսքում ընդգծեց Դելփյան կոմիտեի նախագահը:

Back to top button